ԵՊՀ հիմնադրումը ոչ միայն համալսարանի, այլև մեր երկրի գիտական ու կրթական պատմության նոր էջի մեկնարկն է․ ռեկտոր

ԵՊՀ-ն տոնում է հիմնադրման 106-րդ տարեդարձը։ Այս կապակցությամբ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել, որում ասված է․

«Սիրելի՛ համալսարանականներ, բարեկամներ ու գործընկերներ,

Այսօր մենք տոնում ենք Երևանի պետական համալսարանի հիմնադրման 106-րդ տարեդարձը: ԵՊՀ հիմնադրումը ոչ միայն համալսարանի, այլև մեր երկրի գիտական ու կրթական պատմության նոր էջի մեկնարկն է։

ԵՊՀ-ն հիմնադրվեց 1919 թվականի մայիսի 16-ին՝ դժվարին ժամանակներում, որպես ազգային դիմադրության և վերածննդի խորհրդանիշ, որպես հստակ ուղերձ առ այն, որ հայ ժողովուրդը պատրաստ է իր ապագան կերտելու գիտելիքի, կրթության և մշակույթի հիմքի վրա։

Այսօր՝ ավելի քան մեկ դար անց, ԵՊՀ-ն շարունակում է մնալ կրթության արժևորման, գիտության նկատմամբ վստահության և գիտելիքի ստեղծման, պահպանման ու փոխանցման ամենակարևոր հարթակը մեր երկրում։ Այս համոզումը մեր բոլոր ռազմավարական ծրագրերի հիմքում է, և հենց այդ համոզումն է, որ մեզ ոգեշնչում և պարտավորեցնում է համալսարանը դարձնել գիտահետազոտական հզոր կառույց, ինքնուրույն մտածողություն ձևավորող կրթական միջավայր, գիտական հետազոտություններն ու նորարարությունները խթանող, քննադատական մտքի ու ստեղծարարության հարթակ։

Եվ պատահական չէ, որ մեր համալսարանի հիմնադրման օրն է անցկացվում ԵՊՀ շրջանավարտների ֆորումը։ Սա խոսուն վկայությունն է այն իրողության, որ մեր մեծ համայնքի յուրաքանչյուր անդամի փորձն ու գիտելիքը կարևոր են ԵՊՀ ապագայի տեսլականի ձևավորման գործում։ Աննախադեպ այս միջոցառումը թող լինի այն մեկնակետը, որտեղից կձևավորվեն նոր գաղափարներ, համագործակցություններ ու ընկերություններ՝ ի նպաստ մեր համալսարանի և ի բարօրություն մեր երկրի ապագայի։

Տոնական այս օրն իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում իրենց նվիրումով և մասնագիտական ջանքերով կերտել են ԵՊՀ պատմությունը։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր դասախոսներին, ուսանողներին, շրջանավարտներին, աշխատակիցներին և գործընկերներին այս մեծ ճանապարհի յուրաքանչյուր քայլի համար»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031