Արարատի մարզպետարանը խստորեն դատապարտում է կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո։
«Կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը»,- այս մասին հայտարարություն է տարածել մարզպետարանն՝ անդրադառնալով Մխչյան համայնքի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի վերաբերյալ մայիսի 15-ին տարածված տեղեկություններին։
«Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։
Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն պաշտպանված»,- նշված է հայտարարության մեջ։
Կառույցից վստահեցնում են, որ մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոց՝ տեղում իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և լուծումներ գտնելու նպատակով:
«Իրավապահ մարմիններն արդեն իսկ նախաձեռնել են քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ երեխաներին սպիտակ փոշիանման զանգված փոխանցելու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ մեկ անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում»,-ընդգծված է մարզպետարանի հայտարարության մեջ։
ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել և կախվածության մեջ գցելով՝ հանցագործության դրդել։