Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում մասնակցեցին բնակարանամուտի արարողությանը՝ նորակառույց 4 տների բանալիները հանձնելով այն բնակիչներին, որոնց տներն հիմնովին քանդվել էին 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով։
Բնակարանամուտի արարողությանը ներկա էին նաև Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, Սոթքի բնակիչներ։
Հրետակոծության հետևանքով քանդված 4 բնակարանները հիմքից կառուցվել ու բնակարանատերերին են հանձնվել ՀՀ պետբյուջեի կողմից տրամադրած միջոցների հաշվին։Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 120 միլիոն 66 հազար 500 դրամ։ Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբերից և ավարտվել 2024 թվականի դեկտեմբերին։
Ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Ես կարևորում եմ այն հանգամանքը, որ պետության աջակցությամբ մեր այն քաղաքացիները, ովքեր տուժել են ռազմական ագրեսիայի հետևանքով, արդեն հնարավորություն ունեն Նոր տարին դիմավորել նորակառույց բնակարաններում՝ հետևում թողնելով այն բոլոր դժվարությունները, որոնք կրել են այդ ընթացքում։ Շնորհավորում եմ նաև մեր գործընկերներին ու շինարարներին, որոնց ջանքերի շնորհիվ հաջողվեց մեկ տարվա ընթացքում ավարտել բոլոր աշխատանքները։ Միաժամանակ ցանկանում եմ, որ այսուհետ դուք բոլոր տարիներն անցկացնեք խաղաղ միջավայրում, ձեր ընտանիքներում շարունակվեն համալրումները, իսկ մենք, այս տեղերով անցնելիս, ուրախանանք ձեր ձեռքբերումներով»,-ասաց նախարարը։
«Ուզում եմ փոքր-ինչ հետ գնալ՝ իրավիճակը հիմնովին ներկայացնելու համար։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից անմիջապես հետո մենք տեղում գնահատել ենք բոլոր կարիքները և փուլ առ փուլ իրականացրել ագրեսիայի հետևանքների վերացման հետ կապված բոլոր քայլերը։ Առաջին փուլում պետական միջոցներով կարողացանք վերականգնել վնասված ենթակառուցվածքները, հաջորդ փուլերում՝ վնասված 158 բնակարանները և հանրային նշանակության շենքերը։ Մեր գնահատման արդյունքում պարզ դարձավ, որ վերականգնման ենթակա չեն միայն 4 բնակելի տներ, որոնց կառուցումը սկսեցինք հիմքից։ 2023 թվականի առաջին կիսամյակի դրությամբ Սոթքում և հրետակոծությունից տուժած մյուս բնակավայրերում արդեն վերացված էին փոքր ու միջին չափի վնասների հետևանքները, իսկ այսօր, այս 4 բնակարանամուտերի արարողությամբ, արդեն վստահաբար կարող ենք ասել, որ 2022 թվականին մեր բնակավայրերի դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքներն ամբողջությամբ վերացված են։
Միաժամանակ պետք է շեշտեմ, որ 2024 թվականին Սոթքում, ՀՀ օրենքով սահմանված կարգով, մետաղական հանքավայրերի շահագործման արդյունքում ազդակիր համայնքներին տրվող բնապահպանական վճարների հաշվին հիմնանորոգվել է կենտրոնական ճանապարհը, կառուցվել ոռոգման համակարգ, իսկ սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում այս պահին կառուցվում է 15 բնակարան։ Այնպես որ, Սոթքի բնակիչներն ամուր են կանգնած իրենց հողի վրա և իրենց գյուղը ծաղկեցնելու համար անում են հնարավորը։ Տա Աստված, որ Սոթքը ու Հայաստանի Հանրապետոթյան մյուս բնակավայրերը զերծ մնան նման ագրեսիաներից և ապրեն ու արարեն բացառապես խաղաղ պայմաններում»,-նշեց մարզպետը։
Արարողության ավարտին Դավիթ Խուդաթյանը և Կարեն Սարգսյանը նորակառույց տների բանալիները հանդիսավորությամբ հանձնեցին շահառուներին՝ Սոթք գյուղի բնակիչներ Հովակիմ Աբրահամյանին, Լյովա Բազոյանին, Ստանիսլավ Գալստյանին, Արաքսյա Առուստամյանին։ Շահառու ընտանիքների անդամներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ՀՀ կառավարությանը, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին ու շինարարներին՝ իրենց նման երջանկություն պարգևելու համար։