ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող անձանց հարկային մարմնում հաշվառման գործընթացը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի ԱԺ-ն ընդունել է համապատասխան օրինագիծը․
«Կարգավորվում է, թե ինչպես են անձինք գրանցվելու հարկային մարմնում։ Նախ, ովքեր էլեկտրոնային հարթակների միջոցով են ուղևորափոխադրում իրականացնելու, ոչ մի գործողություն չպետք է կատարեն։ Էլեկտրոնային հարթակներն իրենք են հարկային մարմնին փոխանցելու վերջիններիս տվյալները և ինքնաշխատ եղանակով ստանալու հարկային կոդ, հարկ վճարողի հաշվառման համարանիշ, և յուրաքանչյուր պատվեր ընդունելիս ու ավարտելիս ինքնաշխատ գեներացվելու է ՀԴՄ»,- մանրամասնեց նա:
Բադասյանի խոսքով՝ անհատ վարորդները հարկային մարմնի էլեկտրոնային հավելվածի միջոցով կարող են առանց այցելության և ֆիզիկական կոնտակտի գրանցվել ու ստանալ հարկ վճարողի հաշվառման համարանիշ և գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ:
«Նշեմ, որ մեքենայի մեջ ֆիզիկապես ՀԴՄ-ի տեղադրում չի ենթադրում, էլեկտրոնային ՀԴՄ-ն հավելված է, և էլեկտրոնային հարթակի դեպքում ինքնաշխատ է գեներացվում, իսկ անհատ վարորդն ինքը կարող է գեներացնել»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքը «Ես եմ» էլեկտրոնային համակարգի մասին է։