ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է ԱՄՆ-ից արագ կերպով վերացնել հյուպատոսությունների աշխատանքի փոխադարձ սահմանափակումները

Մոսկվան բազմիցս հիշեցրել է ԱՄՆ-ին, որ հյուպատոսական հիմնարկների աշխատանքի ներկայիս իրավիճակը թույլ չի տալիս հյուպատոսական ծառայություններ մատուցել, ինչպես նաև ձգտում է սահմանափակումների փոխադարձաբար շուտափույթ վերացման, սակայն կոնկրետ ժամկետները կախված են ԱՄՆ-ից, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։

«Մենք բազմիցս ասել ենք ամերիկացիներին, որ ներկա իրավիճակը թույլ չի տալիս բարձրորակ հյուպատոսական ծառայություններ մատուցել երկու երկրների քաղաքացիներին և իրավիճակը պետք է արմատապես փոխվի։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է. մենք ձգտում ենք հյուպատոսական հիմնարկների աշխատանքի սահմանափակումների փոխադարձաբար շուտափույթ վերացման, իսկ կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու ժամկետները մեծապես կախված են ամերիկյան կողմից»,- ասել է Կլիմովը։

Կլիմովը ընդգծել է, որ ի տարբերություն ամերիկացիների, որոնք գրեթե ամբողջությամբ դադարեցրել են ռուսներին վիզաների տրամադրումը, ռուսական հյուպատոսությունները, չնայած անձնակազմի հետ կապված դժվարություններին, շարունակում են լիարժեք վիզաների հետ կապված աշխատանքը։

Նա հիշեցրել է, որ 2016 թվականի վերջին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պահանջել է փակել Սան Ֆրանցիսկոյում և Սիեթլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունները և ի պատասխան՝ Ռուսաստանը ստիպված է եղել հայելային քայլեր ձեռնարկել Ռուսաստանում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունների նկատմամբ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031