Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի հատակագիծը. հանձնարարվել է այն ավարտական տեսքի բերել schedule 14:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հատակագիծը:

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող Gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նախորդ քննարկումների արդյունքում հատակագծում կատարվել են որոշակի փոփոխություններ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: Մասնավորապես, փոփոխությունները վերաբերում են կլաստերների դիրքին, կանաչ տարածքներին, ենթակառուցվածքներին և այլն: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել նախագծի մաստեր պլանին, Ակադեմիական քաղաքի տարածքի ներուժի առավելագույնս իրացմանը՝ հաշվի առնելով քաղաքի՝ ապագայում ընդլայնվելու հնարավորությունները:

Քննարկվել են գլխավոր հատակագծով նախատեսվող տրանսպորտային հանգույցին վերաբերող հարցեր: Նշվել է, որ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունները կապակցվելու են Ակադեմիական քաղաքում:

Մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, էլեկտրաէներգիայի, ջրի, գազամատակարարման ուղղությամբ առաջիկայում նախատեսվող աշխատանքների շուրջ: Միաժամանակ, ընդգծվել է, որ Ակադեմիական քաղաքում շինարարությունը սկսվելու է փուլային տարբերակով, նախատեսվում է առաջինը մեկնարկել տեխնոլոգիական կլաստերի կառուցման աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է հատակագիծը բերել ավարտական տեսքի և ներկայացնել հաստատման: Վարչապետը կարևորել է նաև կանաչապատման նախագծի մշակումը՝ գործընթացը փուլային տարբերակով կյանքի կոչելու համար: Շեշտելով, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը ՀՀ Կառավարության համար ունի ռազմավարական առաջնահերթություն՝ երկրի ղեկավարը մի շարք ուղղություններով աշխատանքների իրականացման հետ կապված պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ դրանք համապատասխան ժամանակացույցով իրականացնելու համար:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031