Փաշինյանն ավելի քան 20 անգամ սեռական հայհոյանք է հնչեցրել․ ու՞ր է քրեական գործը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2022 թվականին ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքում առնվազն 2 հոդված կա, որով դատվում են անմեղ մարդիկ։ Այսինքն՝ եթե անձը որեւէ հանցանք չի կատարել, ունի ակտիվ հասարակական կեցվածք, պարբերաբար իշխանությունների նկատմամբ սուր քննադատական խոսքով է հանդես գալիս, եւ կա նրան չեզոքացնելու անհրաժեշտություն, ապա անմիջապես հարուցվում են քրեական վարույթներ` «բռնության կոչի» կամ «խուլիգանության» հատկանիշներով։ Այս պահին բռնության կոչի կեղծ մեղադրանքներով դատվում են Նարեկ Մալյանը, Հրանտ Բագրատյանը, Արագած Ախոյանը եւ այլք: Օրերս «խուլիգանության» մեղադրանք առաջադրվեց «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակ-վարողներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին։

Ըստ մեղադրանքի՝ նրանք փոդքաստի ընթացքում հայհոյել են Նիկոլ Փաշինյանին, ինչը Քննչական կոմիտեն համարել է խուլիգանություն։ Իրականում սա կարող էր վիրավորանք դիտվել, բայց վիրավորանքը մեզանում ապաքրեականացված է, եւ վիրավորված անձը` Նիկոլ Փաշինյանը, կարող էր դիմել քաղաքացիական դատարան` պահանջելով հերքում կամ վնասի փոխհատուցում: Սակայն քանի որ անհրաժեշտ էր, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեին, ուստի «աշխատեցրել» են Քրեական օրենսգիրքը։

«Համացանցում խուլիգանություն անելու» մեղադրանք դեռեւս 2020 թ. ամռանն առաջադրվել էր ակտիվիստ Նարեկ Սարգսյանին։ Նա հանրությանը հայտնի էր դարձել, երբ հրապարակի մետրոյում բեմադրված «Հուզանք ու զանգ» պերֆորմանսի ժամանակ «զելյոնկա» էր լցրել ներկայացման մասնակիցների վրա։ Մեղադրանքի առաջադրումից ամիսներ հետո Նարեկ Սարգսյանը կամավոր մեկնեց Արցախ` մասնակցեց պատերազմին, զոհվեց եւ այժմ հանգչում է Եռաբլուր պանթեոնում։ Նարեկ Սարգսյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Նարեկ Սարգսյանի զոհվելուց հետո գործը նրա մահվան հիմքով կարճվել է, քանի որ հարազատները չեն պնդել, որ քննությունը շարունակվի, ու արդարացնող դատավճիռ կայացվի։

Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ ակտիվիստի նկատմամբ հարուցված քրգործը քաղաքական էր։ «Նարեկ Սարգսյանի բնակարանում խուզարկություն էր կատարվել, խուզարկության հիմքն այն էր, որ բնակարանից առգրավեին էլեկտրոնային սարքավորումներ՝ մոնիտոր, լազերային կրիչներ, համակարգչի պրոցեսորը եւ այլն, բայց, չգիտես ինչու, մտել էին այդ հիմքով, իսկ խուզարկության ժամանակ առգրավել էին Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը։ Այսինքն՝ մարդիկ ընդհանրապես չէին հասկացել, թե ինչ են անում եւ ուր են եկել»,- ասաց փաստաբանը։

Գուրգեն Հովհաննիսյանին խնդրեցինք մեկնաբանել՝ պաշտոնյաներին ուղղված հրապարակային քննադատական խոսքում հայհոյանքը կարո՞ղ է դիտարկվել որպես խուլիգանություն։ «Մենք առաջնորդվում էինք Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով՝ ազատ արտահայտվելու իրավունքի վերաբերյալ, ըստ որի՝ անձը կարող է ազատ արտահայտվել, եւ նրան ազատ խոսքի իրավունքից չի կարելի զրկել, մինչեւ այն պահը, երբ սկսվում են այլ անձի իրավունքները։ Մենք հղում էինք կատարում Եվրադատարանի մի շարք վճիռների, եւ ՄԱԿ-ի որոշում էլ կա, ըստ որոնց՝ պաշտոնատար անձինք կարող են ավելի շատ քննադատվել, իրենց քննադատելը նորմալ է, այդ թվում՝ նաեւ հայհոյելը։ Կա Եվրոպական դատարանի վճիռ, որում խոսք է գնում պետություններից մեկի վարչապետի մասին, եւ դատարանը գտել էր, որ հայհոյելը նորմալ է, այսինքն՝ այդ արարքն իր մեջ խուլիգանության հանցակազմ չի պարունակում։ Այսինքն՝ քրեական որակում չէին տվել, դիտել էին ազատ խոսքի արտահայտման համատեքստում, պաշտոնատար անձանց քննադատելու համատեքստում, եւ վարույթ չէր սկսվել այդ անձանց նկատմամբ։ Ես՝ ինքս համարում եմ, որ դա խուլիգանություն չէ, այսինքն՝ հասարակական կարգ ասվածը չի կարող տուժել։ Երբ մենք մեր երկրի այսօրվա վիճակը տեսնում ենք, յուրաքանչյուր կին կամ տղամարդ հայհոյանք էլ է գրում, ամեն ինչ էլ անում է, բայց արի ու տես, որ կիրառվում են երկակի ստանդարտներ․ մեկի նկատմամբ հետապնդում է իրականացվում, մյուսի նկատմամբ՝ ոչ, որովհետեւ ով ի նպաստ իշխանության է հայհոյում, նրա նկատմամբ չեն հարուցում հետապնդում։ Այսինքն՝ եթե մեզ ես հայհոյում, ապա քո դեմ քրեական գործ կհարուցվի, իսկ եթե հակառակորդ կողմին ես հայհոյում, ապա մի բան էլ ողջունում ենք»,- պատասխանեց փաստաբանը։

Հարցրինք նաեւ. ինչպե՞ս կարող է համացանցում հայհոյանքը դիտարկվել խուլիգանություն, չէ՞ որ ցանկացած պահի անձը կարող է անջատել այդ տեսանյութը։ Եթե Նիկոլ Փաշինյանի կողքի հարեւանը նրան ամեն օր հայհոյեր, դա կարող էր դիտվել խուլիգանություն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն այլ գնալու տեղ չունի, բայց տեսանյութը կարող են անջատել, ավելին՝ կարող են արգելափակել հայհոյողին։ Նույն տրամաբանությամբ գեղարվեստական գրականության, ֆիլմերի մեջ էլ կարող են հայհոյանքներ լինել։ Նույն Նիկոլ Փաշինյանը «Երկրի հակառակ կողմը» գրքում գրում է․ «- Էկեք էս բաժակով էլ խմենք բոլոր բոզերի կենացը…» (էջ 45), «Գորիլային արդարացրել են էդ պիդըռները, ես դրանց մերը…», «- Այո, չէի՞ք հաճի արդյոք մինետ անել…» (էջ 132), «-Գյոթ ըլնեմ, ապե» (էջ 239), «Դե եկեք, դե եկեք, բոզի վաստակներ…» (էջ 340) եւ այլն։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին այս հայհոյանքների համար եւս կարելի է խուլիգանության մեղադրանք առաջադրել։ Էլ չենք խոսում վերջին 6 տարվա վիրավորանք-հայհոյանքների` «շինելու», «վնգստալու» եւ մյուս բաների մասին:

Արդյոք խուլիգանությունը չի՞ ենթադրում, որ երրորդ անձինք դրանից խուսափելու հնարավորություն չունենան՝ հարցրինք փաստաբանին։ «Ձեր նշած հարեւանի պարագայում, այո, խուլիգանություն է, որովհետեւ այդ մարդը գնալու տեղ չունի։ Այսինքն՝ եթե փողոցում քաղաքացին կարող է գնալ, այդ խուլիգանությունը չտեսնել, ապա հարեւանն այդ հնարավորությունը չունի, իսկ ահա համացանցային տիրույթում հայհոյանքի պարագայում դու լրիվ ունես հնարավորություն՝ հայհոյանքը չլսել, անջատել ու ուրիշ բան լսել։ Այսինքն՝ դու ստիպված չես անձի վերաբերյալ հայհոյանքները լսել, որպիսի պայմաններում կհամարվես հասարակություն, որն էլ կարող է տուժել»,- ասաց փաստաբանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 03․ 24 թ համարում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930