Երբ մենք հաղորդում ենք ստացել ընտանիքի անդամների կողմից, այնպիսին էր հաղորդումը, որ, ըստ էության, գործ չունենք հանցագործության հետ, ստանդարտ պրոցես է, երեխան իրեն վատ է զգացել և դրա արդյունքում է, որ տեղափոխվել է բժշկական կենտրոն, բայց անմիջապես ձեռնամուխ ենք եղել օպերատիվ հետախուզական աշխատանքների, և տեղեկություն էինք ստացել, որ տվյալ անձի հոր հետ բնակվող կնոջ միջամտությունը կա երեխայի ծեծի մասով։ Այս մասին, այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով 1 տարեկան 2 ամսական տղա երեխայի նկատմամբ բռնության դեպքին։
«Դրա հիման վրա է նաև, որ հենց սպանության փորձով է վարույթը նախաձեռնվել։ Այժմ շարունակում են քննչական կոմիտեի հետ աշխատանքները։ Գիտեք, որ նաև խափանան միջոց կա ընտրված անձի նկատմամբ։ Շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաև ընտանիքի մյուս անդամներին վերաբերել իրավիճակներին ևս իրավական գնահատական կարողանանք տալ։ Այս պահին կարգավիճակին վերաբերող հարցերն են ճշգրտման փուլում»,–ասաց նա։
Նախարարը չբացառեց, որ երեխայի հոր նկատմամբ ևս խափանման միջոց կիրառվի, դա կախված է ստացվող տվյալներից։
Ինչ վերաբերում է նրան, որ համայնքային ոստիկանությունը գուցե թերացել է, Արփինե Սարգսյանն ասաց. ««Երեխայի իրավունքների պաշտպանության այն նոր համակարգը, որ որ ներդրել ենք, այն տրամաբանությամբ է, որ առաջին ինֆորմացիա ստացողը, որպես այդպիսին, չպիտի լինի ոստիկանությունը։ Այսինքն ազդակը պիտի գա համայնքից, պիտի գա այնտեղի սոցիալական ծառայողներից և մնացյալից։ Ես վստահ եմ, որ նաև գործընկերներն էլ են այս հարցը դիտարկում, նաև իրենց իրավասության տիրույթում, որ հասկանան՝ եղե՞լ է ազդակ օբյեկտիվորեն, թե չի եղել ազդակ նմանատիպ իրավիճակի։
Ես էլ համայնքային ոստիկանների մասով եմ դիտարկում իրավիճակը, որպեսզի հասկանանք՝ հնարավո՞ր էր այդպիսի տեղեկատվություն մեր գործիքակազմի տեսանկյունից ստանալ, թե ոչ։ Եվ եթե որևէ խախտում հայտնաբերվի իմ պատասխանատվության տիրույթում, այսինքն ոստիկանի աշխատանքի մասով, բնականաբար ռեակցիան չի ուշանա։
Հիմա շարունակում ենք մեր ուսումնասիրությունները, թույլ տվեք ավել բան չհանրայնացնել, որովհետև նաև երեխաների և ընտանիքի մյուս անդամների հետ կապված որոշակի հոգեբանական վիճակ ունենք»։
Ավելի վաղ, NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 տարեկան երկու ամսական տղա երեխա, որին ըստ նախնական տեղեկությունների, ծեծի է ենթարկել խորթ մայրը։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով։ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է։
Դատախազությունից էլ դեպքի առթիվ հայտնել էին, որ շուրջ 1,5 ամիս երեխայի նկատմամբ պարբերաբար բռնություն է գործադրվել, իսկ մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձ է արվել։ 38-ամյա կնոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
NEWS.am–ի տեղեկություններով, երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից, ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում են Երևանի Արաբկիր համայնքում։






































