Այսօր Հայաստանը ամենաապահով երկիրն է, մեր ժողովրդի համար ներքին կայունություն կա, մեր աղջիկները երեկոյան փողոց են դուրս գալիս ու հանգիստ վերադառնում են իրենց ընկերների հետ շփումներից հետո, դա խոսում է Հայաստանի վիճակի մասին: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Կառավարության ծրագիրը, որը դրված էր՝ ոստիկանությունը դարձնել նախարարություն, տվեց հնարավորություն 4 հենասյուների ստեղծումը դարձնել իրականություն:
Նախկինում կային ազդեցիկ մարդիկ, որոնք ունեին զորքեր, նախկինում դա կոչվում էր «սափրագլուխներ», մարտի 1-ի զեկույցներից մեկում ներառված էր, թե ինչպիսի ուժեր են ներգրավված եղել այդ ընթացքում, զեկույցի մեջ կար ցանկ, որի մեջ ներառված էր, թե ովքեր են համազգեստ ստացել ու ստացել են, որպեսզի այդ համազգեստի տակ թաքնվեն ու կատարեն կոնկրետ գործողություններ: 2018 թվականից հետո մեծ ազդեցություն ունեցող, մարդկանց զինված խմբեր պահող համակարգ չկա, թաքնված են»,- նշել է նա:
Անդրադառնալով սպանությունների դեպքերին՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ շատ լավ է, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կադրային փոփոխություններ է արել:





































