Երեք տարի առաջ Նյու Յորքի գրասենյակում կատարված ներխուժման ժամանակ օտարերկրացի հաքերը մուտք է գործել հանգուցյալ մանկապիղծ Ջեֆրի Էպշտեյնի գործով ՀԴԲ-ի հետաքննությանն առնչվող ֆայլերին, հայտնել է գործին ծանոթ աղբյուրը։ Դա հաստատվում է նաև ԱՄՆ Արդարադատության նախարարության վերջերս հրապարակված փաստաթղթերով, որոնց ծանթացել է Reuters-ը։
ՀԴԲ-ի Նյու Յորքի գրասենյակի սերվեր մուտք գործած անձանց մասին մանրամասները, դրանց թվում՝ օտարերկրացի հաքերի ներգրավվածության մասին մեղադրանքը, հրապարակվում են առաջին անգամ։
ՀԴԲ-ի հայտարարության մեջ «կիբերմիջադեպը» բնութագրվել է որպես «մեկուսացված»։
«ՀԴԲ-ն սահմանափակել է հարձակվողի մուտքը և վերականգնել է ցանցը։ Հետաքննությունը շարունակվում է, ուստի ներկա պահին այլ մեկնաբանություններ չունենք»,- ասվում է հայտարարության մեջ։
Թեև աղբյուրը նշել է, որ ներխուժումը, ըստ ամենայնի, իրականացրել է կիբերհանցագործը, այլ ոչ թե օտարերկրյա պետությունը, միջադեպն ընդգծում է ֆայլերի պոտենցիալ հետախուզական արժեքը, նշել է փորձագետներից մեկը։ ԱՄՆ Արդարադատության նախարարության փաստաթղթերի պարտադիր հրապարակումը բացահայտել է հանգուցյալ ֆինանսիստի կապերը հայտնի քաղաքական գործիչների, ֆինանսիստների, գիտնականների և գործարարների հետ, ինչը ստիպել է հետաքննություններ սկսել աշխարհի մի շարք երկրներում։





































