Պակիստանը «բաց պատերազմ» է հայտարարել Աֆղանստանում գործող թալիբների կառավարությանը և ավիահարվածներ սկսել

Պակիստանը «բաց պատերազմ» է հայտարարել Աֆղանստանում գտնվող թալիբների կառավարությանը և ավիահարվածներ սկսել Քաբուլի ուղղությամբ:

«Հիմա մենք ձեզ հետ բաց պատերազմ կունենանք: Հիմա դա արյունալի պատերազմ կլինի: Պակիստանի բանակը արտասահմանից չի եկել: Մենք ձեր հարևաններն ենք, մենք գիտենք ձեր մասին ամեն ինչ»,- սոցիալական ցանցերում գրել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը:

Նա մեղադրել է թալիբների կառավարությանը «Աֆղանստանը հնդկական գաղութ վերածելու», «աշխարհի տարբեր ծայրերից ահաբեկիչների հավաքագրման և ահաբեկչություն արտահանելու» և «Հնդկաստանի խամաճիկ դառնալու» համար:

Մեկ օր առաջ՝ փետրվարի 26-ին, աֆղանական ուժերը մի քանի տարածքներում սկսել էին պատասխան ռազմական գործողություններ Պակիստանի դեմ:

Տեղեկատվության նախարար Աթաուլլահ Թարարը սոցիալական ցանցերում հաստատել է, որ Պակիստանի բանակը հարվածներ է հասցրել Քաբուլում, ինչպես նաև Պակտիա և Ղանդահար նահանգներում գտնվող թիրախներին: Նրա խոսքով՝ փետրվարի 27-ի գիշերը ոչնչացվել է թալիբների 27 դիրք, գրավվել է 9, սպանվել է 133 աֆղան զինվոր, իսկ ավելի քան 200-ը՝ վիրավորվել:

Աֆղանական կողմի տվյալներով՝ իրենց զինվորները սպանել են 55 պակիստանցի զինվորի, գրավել են մեկ բազա և 19 անցակետ, որոնք պատկանում էին իրենց հակառակորդին:

Վերջին ամիսներին Աֆղանստանի թալիբների կառավարության և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Իսլամաբադը մեղադրում է հարևան երկրի իշխանություններին իր տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնող զինված խմբավորումների դեմ անգործության համար։

Թալիբները հերքում են այդ մեղադրանքները։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728