Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ելույթով հանդես է եկել հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, որն իր խոսքում անդրադարձել է երկու ոլորտի, որոնք, նրա խոսքով, մեր տնտեսության համար շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան միգուցե հարկային փոփոխությունները կամ այլ փոփոխություններ:
Թունյանի խոսքով՝ այդ ոլորտները կրթությունն ու գիտությունն են և առողջապահությունը:
«Ամենատպավորիչն ինձ համար այդ երկու ոլորտներում մեր կատարած աշխատանքներն են՝ թե՛ դպրոցների ու մանկապարտեզների շինարարությունը, թե՛ ուսուցիչների վարձատրության բազմակի ավելացումը, թե՛ գիտության ֆինանսավորումը: Այս ամեն ինչը ամենակարևոր, ֆունդամենտալ և երկարաժամկետ ներդրումն է մեր տնտեսության մեջ, որի արդյունքները զգացվելու են մի քանի տարի կամ 10-15 տարի հետո»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտին, պատգամավորը նշել է, որ առողջության ապահովագրության ներդրումը այն ամենակարևոր փոփոխությունն է, որը իշխող ուժը կարողացել է կյանքի կոչել:
«Իհարկե, այդտեղ դեռ շատ անելիքներ, ճշգրտումներ լինելու են, բայց դա այն բարեփոխումներից է, որ արդեն զգում ենք դրա ազդեցությունը»,- հավելել է Թունյանը՝ շնորհակալություն հայտնելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին այդ բարեփոխման մշակման ու ներդրման համար:
Նրա խոսքով՝ մեր հասարակությունը շատ լավ հասկանում է, թե ինչ է արվում, և երբեմն նրանք այդ ամենը կարողանում են շատ ավելի հասկանալի ու պարզ բացատրել հենց իրենց՝ իշխող ուժի ներկայացուցիչներին:






































