Այս երկու օրերը կվերածվեն իսկական տոնի. ԿԳՄՍ փոխնախարարը՝ «Մեղրին՝ 2026–ի ԱՊՀ մայրաքաղաք» ծրագրի մասին

ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն այսօր՝ ապրիլի 16–ին, ելույթ է ունեցել Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի բացման ժամանակ։

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի հյուրեր և գործընկերներ, ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարներ, ԱՊՀ Հումանիտար Համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրեն և ԱՊՀ երկրների Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ,

Հարգելի պարոն մարզպետ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ,

Սիրելի ներկաներ,

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունել Ձեզ մեր հինավուրց և հյուրընկալ երկրում և հույս հայտնել, որ այսօր դուք հնարավորություն ունեցաք ծանոթանալ Հայաստանի հարավային դարպասը համարվող Մեղրիին ու Սյունյաց աշխարհին և հիանալ նրա զարմանահրաշ բնությամբ ու հյուրընկալ բնակիչներով:

2024 թվականի հոկտեմբերի 8-ին ԱՊՀ երկրների ղեկավարների որոշմամբ Մեղրին հայտարարվեց ԱՊՀ երկրների 2026 թվականի մշակութային մայրաքաղաք: Այս որոշումը անչափ պարտավորեցնող է մեզ համար: Այն ոչ միայն հերթական հնարավորությունն է ներկայացնելու հայկական մշակույթը, այլև խթանելու Մեղրի քաղաքի և մարզի ենթակառուցվածքների զարգացումը, աշխուժացնելու մշակութային և զբոսաշրջային կյանքը:

Այսօր մենք մեկնարկում ենք Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագիրը, որի շրջանակներում տարվա ընթացքում իրականացվելու են շուրջ 3 տասնյակ միջոցառումներ, որոնց թվում՝ արհեստների փառատոնը, տարազ-ֆեստը, ժողովրդական երգի-պարի փառատոնը, ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչների հանդիպում-փառատոնը, Նռան փառատոնը, արտագնա Երևանի գրքի փառատոնը, ցուցահանդեսներ, նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղերը: Ծրագիրը կեզրափակվի նոյեմբերի սկիզբին՝ Մեղրի քաղաքի օրվա միջոցառուներով և ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախմբի ելույթով, որում ընդգրկված են նաև Հայաստանի երիտասարդ երաժիշտ-կատարողները:

Ուզում եմ ընդգծել, որ մշակութային ծրագրերը ընդգրկելու են ոչ միայն Մեղրի քաղաքը, այլև Մեղրի համայնքը՝ Ագարակը և Շվանիձորը, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած մշակութային քաղքականությանը և ռազմավարությանը, այն է՝ մշակութային կյանքի ապակենտրոնացում և մշակույթի հասանելիության ապահովում:

Բացման արարողության ծրագիրը բավականին հագեցած էր: Դուք հնարավորություն ունեցաք ծանոթանալու Մեղրիի պատմամշակութային ժառանգությանը, մասնակցելու ծառատունկի, ԱՐՏԷՔՍՊՈ ցուցահանդեսի բացմանը և Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք նամականիշի մարման արարողությանը:

Համոզված եմ, այս երկու օրերը համայնքի բնակիչների համար կվերածվեն իսկական տոնի: Գիտեմ, որ արվեստի և երաժշտական դպրոցի սաները հնարավորություն կունենան ցանոթանալու ԱՐՏԷՔՍՊՈ ցուցահանդեսի մասնակից երկրների ավանդույթներին, անգամ վարպետության դասեր ստանալ:

Սիրելի ներկաներ, մշակութային մայրաքաղաքներ ծրագիրն իրականացվում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համատեղ: Վերջինս կարևոր հարթակ է մեր երկրների միջև բազմակողմ ձևաչափով համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հիմնադրամին և նրա Գործադիր տնօրինությանը համագործակցության համար:

Հարգելի հյուրեր, եզրափակելով խոսքս, թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել հրավերս ընդունելու և միջոցառմանը ներկա գտնվելու համար, մաղթել մեզ բոլորիս հաճելի երեկո: Համոզված եմ, մեզ սպասում է հրաշալի համերգ Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի կատարմամբ:

Շնորհակալություն:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930