Համոզված եմ, որ ինձ գաղտնալսում են, բայց ես հակաօրինական ոչինչ չեմ խոսում, սարքոցի է․ Ղազինյան

Ես համոզված եմ, որ սա հերթական սարքոցին է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ին, Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր առավոտից Արտաշատում Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է իրենց կուսակցության 14 համակիրների ու անդամների։

«Հիմա 15 հոգու եկել են, խուզարկություն են արել։ Այս պահի դրությամբ մենակ Արտաշատից եմ տեղյակ, բայց նաև շատ ինֆորմացիաներ ունեմ, որ ներքին կարգով հրավիրում են մարդկանց տարբեր պետական կառույցներ, խոսում են հետները, տարբեր բաներ են հորդորում, սրանք ռեպրեսիաներ են ամեն դեպքում։ Ըստ լուրերի կասկածանքը նույնն է՝ բարեգործության արգելքի խախտում։

Դատարաններն էլ կամաց-կամաց կսկսեն հասկանալ, որ պետք է իրականում արդարադատություն լինի, հունիսի 8-ից հետո մենք դատախազներին էլ կազատենք այդ լծից, քննիչներին էլ կազատենք այդ լծից, որովհետև չի լինելու այլևս իրավապահ մարմինների աշխատանքի խոչընդոտում կամ պատվերներ»,–ասաց նա։

Անդրադառնալով իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին, որ ընտրակաշառքի բաժանում Հայաստանում չի լինելու, Ղազինյանն ասաց. «Ես իշխանությունների հետ ունեմ 100% տարաձայնություն, բայց այս հարցում իրենց հետ համաձայն եմ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ունի քաղաքական որոշում, և «Տաշիր» բարեգործականի մասով, և ընդհանրապես։ Մեր կուսակցության շատ անդամներ չհայտարարվող բազմաթիվ բարեգործություններ են արել, նաև անձնական, առանց իրենց անունների։ Անգամ դա ենք կանգնեցրել բոլորս։

Մեծ կուսակցություն է՝ մի քանի տասնյակ հազար մարդ՝ համակիրներով, կուսակցականներով, ես որտեղի՞ց իմանամ մեկը ժամանակին անձնական իր հորեղբոր որդուն կամ ինչ-որ մեկին մի հատ փոքր հին հեռուստացույց է ունեցել, խոստացել է, թե չէ։ Այստեղ խնդիրը համակարգվածության մասին է։ Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, իրենց փոքրիկ խմբակի մեջ բազմաթիվ կոռուպցիայի դեպքեր բացահայտվեցին, ինչքան էլ չբացահայտվեցին, հիմա եթե մի հարկայինի տեսուչ կաշառք է վերցրել, թող վարչապետը հրաժարական տա, եթե այդ լոգիկայով ենք գնում։

Մենք հայտարարում ենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեմ է ընտրակաշառք բաժանելուն, անգամ խոստանալուն և յուրաքանչյուր մարդ, որ այդ քայլը կանի, ինքը մեզ էլ է դեմ։

Հիմա դրանից հետո, եթե անգամ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին նվեր տա, ի՞նչ անենք, ծնունդների չգնա՞նք, մեր բարեկամների հետ հարազատություն չանե՞նք, ո՞րն է դրա տարբերակը։ Մյուս կողմից իրենք պետական բյուջեից ընտրակաշառք են բաժանում»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ գուցե իրեն էլ են գաղտնալսում, «Ուժեղ Հայաստանի» անդամն ասաց. «Ոչ միայն մտավախություն ունեմ, այլ նաև համոզված եմ, որ գաղտնալսում են։ Ես շատ դեպքերում բաց գծով էլ խոսում եմ, որովհետև չեմ խոսում մի բան, որը հակաօրինական է»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 16–ի վաղ առավոտից իրավապահները խուզարկել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների տներում, ապա բերման են ենթարկել նրանց։ Տևական ժամանակ փաստաբանները տեղեկացված չէին, թե որտեղ են իրենց վստահորդները, նրանց թույլ չեն տվել մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և միայն հետևողական ահազանգերից հետո փաստաբանները հնարավորություն ունեցան մուտք գործել շենք։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930