ՄԻՊ միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե

Ապրիլի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ստացել է մի քանի ահազանգեր փաստաբաններից առ այն, որ իրենց վստահորդներին արգելանքի են վերցրել և տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, սակայն նրանց վստահորդներին տեսակցելու և պատշաճ իրավաբանական օգնություն ապահովելու հնարավորություն չի տրվում:

ՄԻՊ–ից NEWS.am–ին հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից ձեռնարկված միջոցների և քննչական մարմնի հետ քննարկումների արդյունքում Պաշտպանի հաստատություն դիմած փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել գործընթացին և հարկ է համարում կրկին ընդգծել իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի առանցքային բնույթն ու դրա պատշաճ երաշխավորման կարևորությունը ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի իրավունքների ապահովման տեսանկյունից:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 16–ի վաղ առավոտից իրավապահները խուզարկել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների տներում, ապա բերման են ենթարկել նրանց։ Տևական ժամանակ փաստաբանները տեղեկացված չէին, թե որտեղ են իրենց վստահորդները, նրանց թույլ չեն տվել մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և միայն հետևողական ահազանգերից հետո փաստաբանները հնարավորություն ունեցան մուտք գործել շենք։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930