Բանակում ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 16–ին, ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց. Նրանք պահանջում են, որ իրենց որդիները ևս ծառայեն ոչ թե 2 տարի, այլ 1,5 տարի։
Ծնողները ստորագրահավաք են կազմակերպել այս առիթով։
«Մենք խնդրում ենք, որ 1,5 տարի ծառայելու դրույթը տարածվի 2025 թվականին բոլոր զորակոչվածների վրա։ Սա մենք համարում ենք խտրականություն, չենք հասկանում այս տարբերությունը։ Մենք ուզում ենք, որ պետությունը մեր տղաների հանդեպ լավ վերաբերվի, որ ծնողն էլ իրեն հանգիստ զգա, անտեսված չզգա, զինվորն էլ հանգիստ լինի։
Մեր երեխեքը ուսանող են, նպատակներ ունեն, և եթե կա միջոց, որ կրճատվի ծառայությունը, դա մեծ արդյունք կտա իրենց ուսման ոլորտում։ Այսքան խնդրանքից հետո ոչ մի արձագանք չկա կառավարությունից։ Արդեն երրորդ անգամ ենք ակցիա անում, ու ուզում ենք հասկանալ, թե ինչու չի կրճատվում ծառայությունը մեր երեխաների համար»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նկատելով, որ եթե ծառայությունը դարձել է 1.5 տարի, հաստատ մեկ զորակոչը 2 տարուց 1.5 տարի դարձնելը մեծ բան չի փոխի։
Նշենք, որ այս թեմայի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ որևէ փոփոխություն չի լինելու, քանի որ իրենց որոշման հիմքում կան հստակ հաշվարկներ։







































