ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը, India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ Պեսկովի՝ Պուտինը «բավականին վաղուց» է առաջարկել Իրանից ուրանը փոխանցել Ռուսաստանին, ինչը կարող էր «բավականին լավ լուծում» լինել, հաղորդում է РБК-ն։
«Սակայն, ցավոք, ամերիկյան կողմը մերժել է այդ առաջարկը, և այն այլևս բանակցությունների սեղանին չէ, թեև նախագահ Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը, եթե դա պահանջեն երկրի շահերը»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Պեսկովը հավելել է, որ ինքը՝ Իրանը, համաձայնել է Ռուսաստանի առաջարկին։ «Նրանք ունեն սեփական պահանջները, սեփական շահերը։ Հետևաբար, հարցն այն է, որ միավորվեն բոլոր շահագրգիռ կողմերի պահանջներն ու շահերը՝ համաձայնության հասնելու, գործարք կնքելու համար, ինչպես ասում է Վաշինգտոնը»,- հավելել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։







































