ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տան դիմաց լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իր վեճը Հռոմի Լևոն XIV պապի հետ, որն այսօր քննադատել է «մի բուռ բռնակալների, որոնք ավերում են աշխարհը», հաղորդում է Sky News-ը։
«Շատ կարևոր է, որ Հռոմի պապը դա հասկանա… Իրանը սպանել է 42 հազար մարդու, որոնք լիովին անզեն էին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա կրկնել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ և նշել, որ Հռոմի պապը պետք է դա հասկանա։
Երբ Թրամփին հարցրել են՝ արդյոք նա կհանդիպի Հռոմի պապի հետ՝ «իրենց տարաձայնությունները հարթելու համար», նա պատասխանել է. «Չեմ կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա»։
ԱՄՆ նախագահին հարցրել են՝ արդյոք նա մտահոգվա՞ծ է, որ Հռոմի պապի հետ իր վեճը վրդովեցնում է իր կաթոլիկ կողմնակիցներին։
«Ոչ, ոչ, ոչ, ես մտահոգված չեմ։ Ես պետք է ճիշտ վարվեմ»,- ասել է Թրամփը։
Իր դիրքորոշման մասին հարցից հետո նա թեթևակի փոխել է իր տոնայնությունը և ասել. «Ես ոչինչ չունեմ Հռոմի պապի դեմ, բայց կարող եմ համաձայն չլինել Հռոմի պապի հետ… Ես իրավունք ունեմ համաձայն չլինել Հռոմի պապի հետ»։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ ճանաչում է Հռոմի պապի եղբորը, որը «MAGA-ի (Make America Great Again «Հետ բերենք Մեծ Ամերիկան» հայեցակարգի –խմբ.) իսկական կողմնակից է»։







































