Կալիֆորնիայի նահանգապետը մեմուարներ է հրապարակել

Կալիֆորնիայի նահանգապետ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ և 2028 թվականի նախագահական ընտրությունների պոտենցիալ թեկնածու Գևին Նյուսոմը երեքշաբթի հրապարակել է իր մեմուարները։ Փորձագետների կարծիքով՝ սա անհրաժեշտ քայլ էր նախքան ապագա քարոզարշավի մեկնարկը, գրում է AFP-ն։

Նյու Յորքի քաղաքային համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Բրայան Արբուրի խոսքով՝ նման գրքերը ներկայացնում են թեկնածուի հայացքների «յուրօրինակ ամփոփագիրը» երկրի վերաբերյալ և թույլ են տալիս քաղաքական գործչին որոշակիորեն «վերահսկել» սեփական հանրային կերպարը՝ դուրս գալով սովորական լրատվական հոսքի շրջանակներից։

Ինքը՝ Նյուսոմը, պնդում է, որ իր հուշերը, որոնք լույս են տեսել «Շտապող երիտասարդը» վերնագրով, այնքան էլ քաղաքական նպատակներ չունեն։ Ի դեպ, գիրքը հրատարակվել է մեկ տարի ուշացումով՝ 2025 թվականի հունվարին Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհների պատճառով։ Նահանգապետի խոսքով՝ սա «այն քաղաքական գրքերից չէ, որոնք գրվում են միայն օրացուցային որևէ փուլից առաջ ընկնելու համար»։

«Խնդիրը քաղաքականությունը չէ։ Խնդիրն այն է, թե ինչն է ձևավորել ինձ՝ իրադարձությունները, տառապանքը, ձախողումները (կանխամտածված թե ոչ), անվստահությունը, տագնապներն ու ափսոսանքները»,- ասել է նա երեքշաբթի օրը Նյու Յորքում կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ։

58-ամյա Նյուսոմը, որը Սան Ֆրանցիսկոյի նախկին քաղաքապետն է և կարիերա է ստեղծել գինեգործության ու հյուրանոցային բիզնեսի ոլորտներում, գրքում պատմում է իր դիսլեքսիայի, ինչպես նաև իր դաստիարակության մասին։ Նա մեծացել է մի ընտանիքում, որտեղ մայրն աշխատում էր մի քանի տեղում, իսկ հայրը դատավոր էր և մտերիմ հարաբերություններ ուներ Կալիֆորնիայի ամենահարուստ մարդկանցից մի քանիսի հետ։

Ելույթ ունենալով Նյու Յորքի մի քանի հարյուր բնակիչների առջև՝ Նյուսոմն ասել է, որ իր գիրքը «Ամերիկայի վերածննդի 10 կետից բաղկացած ծրագիր» չէ։ Ըստ նրա՝ դեմոկրատները բավարար քայլեր չեն ձեռնարկում տարբեր հարցերի շուրջ հանրապետականների հետ բանավեճերում հաղթելու համար։

2019 թվականից Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Նյուսոմը պնդել է, որ դեռ չի որոշել՝ կառաջադրվի՞ արդյոք նախագահի պաշտոնում 2028 թվականին։ Կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ապագայի վերաբերյալ ցանկացած որոշում կկայացնի իր կնոջ և չորս երեխաների հետ միասին։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728