ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու և դրանք քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձին փոխանցելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստաբանը հանդիսանալով քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի պաշտպան, վերջինիս դրդմամբ նրա համար թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և քրեակատարողական հիմնարկում տեսակցության ընթացքում նրան փոխանցելու եղանակով, 2026 թվականի հունվարի 10-ին հանդիպել է կալանավորված անձի ազգականին և նրանից ապօրինի ձեռք բերել ծխախոտի տուփի մեջ փաթեթավորված՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ պարունակող զանգվածներ:
Այնուհետև, փաստաբանը թմրամիջոցների պարունակությամբ ծխախոտի տուփը թաքցնելով իր աշխատանքային պայուսակի մեջ՝ այցելել է քրեակատարողական հիմնարկ, սակայն այն չի կարողացել փոխանցել, քանի որ ՔԿՀ աշխատակիցներն անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել և վերցրել են տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցները:
Վ.Ա.-ի և Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), կալանավորված անձի նկատմամբ՝ 44-396-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության փորձը):
Վ.Ա.-ի և Դ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






































