Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը կրկին կախված է բարակ թելից։ Միացյալ Նահագներն ու Իրանը թեև չեն հայտարարել պատերազմ, բայց նրանց միջև հեռակա հակամարտությունը օր օրի ավելի մեծ թափ է առնում՝ տարածաշրջանը ներառելով վտանգի օղակի մեջ:
Երկու կողմից միմյանց հասցեին ուղիղ կամ անուղղակի կերպով մեղադրանքներն ու սպառնալիքները չեն դադարում. յուրաքանչյուր հրթիռային փորձարկում, յուրաքանչյուր պատժամիջոց, յուրաքանչյուր դիվանագիտական արտահայտություն իրականում հաղորդագրություն է մյուս կողմին։ Կոնֆլիկտը դադարել է պարզապես միջուկային ծրագրի շուրջ վեճ լինելուց՝ վերածվելով տարածաշրջանային ազդեցության զսպման քաղաքականության և գլոբալ հեղինակության համար մղվող պայքարի:
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները շարունակում են վերլուծել իրավիճակը՝ քննարկելով տարբեր սցենարներ ու հանգուցալուծումներ, հրապարակում են տարբեր պաշտոնական աղբյուրների «բաց թողած» տեղեկատվությունն ու փորձում հասկանալ ընդհանուր պատկերը:
Միակ ստույգ ու անհերքելի ճշմատրությունը մնում է այն, որ իրավիճակը լարվում է օր օրի, փոխադարձ մեղադրանքները՝ չեն դադարում:
Իրավիճակը սրվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո:
Թրամփը և Սպիտակ տան վարչակազմը այժմ կշռադատում են ենթադրյալ հարվածի հետևանքները և շարունակում են կուտակել ռազմածովային և օդային ուժեր Մերձավոր Արևելքում: Միաժամանակ, Իրանը և Ռուսաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ամերիկյան ավիակրի մոտակայքում։
Հարվածը կարող է լինել ցանկացած օր. այն պետք է լիներ փետրվարի 21-ին՝ ըստ CNN-ի և CBS-ի
Ամերիկյան CNN և CBS լրատվական գործակալությունները՝ հղում անելով իրենց աղբյուրներին, նախորդ շաբաթ հայտնել էին, թե ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանին ցանկացած օր, անգամ՝ փետրվարի 21-ին:
Լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել. նա իր խորհրդականների հետ քննարկել է հարձակման դրական և բացասական կողմերը և «շատ է մտածում» այդ հնարավորության մասին: Հինգշաբթի՝ փետրվարի 19-ին, Թրամփը հայտարարել էր, որ 10 օրվա ընթացքում պարզ կլինի՝ արդյոք Իրանի հետ համաձայնության կհասնե՞ն, թե՞ ԱՄՆ-ն ստիպված կլինի դիմել ուժի:
Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդին սպանելու պլան՝ ըստ Axios-ի
ԱՄՆ ղեկավարության կողմից Իրանի վերաբերյալ քննարկվող սցենարներից մեկը Իսլամական Հանրապետության 86-ամյա գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և նրա 56-ամյա որդու՝ Մոջթաբայի սպանությունն է։ Այս մասին հունվարի 20-ին հայտնել է ամերիկյան Axios լրատվական պորտալը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականին։
«Նրանք ունեն ծրագիր յուրաքանչյուր հնարավորության համար։ Մեկ սցենարը ենթադրում է այաթոլլայի, նրա որդու և մոլլաների սպանություն։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կընտրի ԱՄՆ նախագահը։ Ես չեմ կարծում, որ նա ինքն էլ հստակ գիտի», — Axios-ին ասել է աղբյուրը։
Մեկ այլ աղբյուր պարզաբանել է, որ Խամենեիի և նրա որդու սպանության ծրագիրը Թրամփին առաջարկվել է մի քանի շաբաթ առաջ։ Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները Axios-ին նաև ասել են, որ ԱՄՆ նախագահը կարող է որոշում կայացնել Իրանին հարվածելու մասին արդեն շաբաթավերջին։
Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել Իրանին ուրանի «փոքր, խորհրդանշական հարստացման» թույլտվության տարբերակը, որը կխանգարի նրան ռումբ ստեղծել։
«Նախագահ Թրամփը պատրաստ կլինի ընդունել էական գործարք, որը նա կարող է քաղաքականապես առաջ մղել երկրի ներսում», — Axios-ին ասել է աղբյուրներից մեկը։
ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանին փետրվարի 23-ին կամ 24-ին՝ ըստ Bild-ի
ԱՄՆ-ի կողմից Իրանին ռազմական հարված հասցնելու որոշումն արդեն կայացված է, և այն կարող է տեղի ունենալ արդեն նոր շաբաթվա սկզբին, հայտարարել է գերմանական Bild հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին գործակալ Ջոն Կիրիակուին։
«ԿՀՎ նախկին գործակալ և բացահայտող Ջոն Կիրիակուն պնդում է, որ ԱՄՆ կառավարությունը, ենթադրաբար, որոշում է կայացրել ռազմական հարվածի մասին։ Սպիտակ տան աղբյուրը նրան ասել է, որ հարձակումը կարող է տեղի ունենալ փետրվարի 23-ին կամ 24-ին»,- նշել է հրատարակությունը։
Կիրիակուի խոսքով՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ԱՄՆ նախագահի վարչակազմում այն անձանց թվում են, ովքեր աջակցում են Իրանի վրա հարձակմանը։ Փոխնախագահ Ջեյ ԴԻ Վենսը և Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Հաբարդը դեմ են։
Սահմանափակ նախնական հարված հասցնելու որոշում՝ ըստ Wall Street Journal-ի
«Wall Street Journal»-ը փետրվարի 20-ին հաղորդել է, որ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի վրա սահմանափակ նախնական հարված հասցնելու հարցը։
Ըստ հրապարակման՝ ամերիկացի առաջնորդն ինքը հաստատել է այս տեղեկատվությունը։ Հոդվածում նշվում է, որ եթե Թեհրանը չհրաժարվի ուրանի հարստացումից, Վաշինգտոնը լայնածավալ արշավ կսկսի երկրի պետական օբյեկտների դեմ։
Հոդվածում նշվում է, որ Վաշինգտոնի նման քայլը պետք է խրախուսի Թեհրանին՝ համաձայնել միջուկային համաձայնագրի ամերիկացիների համար բարենպաստ պայմաններով։ Սակայն հրապարակման հեղինակները նշել են, որ սա ռիսկային է։
ԱՄՆ-ն կարող է հայտնվել երկարատև պատերազմի մեջ, եթե որոշի հարձակում սկսել՝ ըստ New York Times-ի
The New York Times թերթը գրել է, որ Միացյալ Նահանգները կարող է հայտնվել երկարատև հակամարտության մեջ, եթե որոշի հարձակվել Իրանի վրա։
Հոդվածում ընդգծվում է, որ Իսլամական Հանրապետության հրթիռային զինանոցը Մերձավոր Արևելքում ամենամեծերից մեկն է։ Ավելին, Թեհրանը տիրապետում է հականավային զենքերի և ժամանակակից անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև՝ ստորջրյա խոցող սարքերի:
Հրապարակման համաձայն՝ Իրանը հենվում է լիազորված ուժերի ցանցի վրա, այդ թվում՝ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման և եմենցի հուսիթների, որոնք պատրաստ են մարտական գործողությունների։ Հոդվածի հեղինակները նշել են, որ սա Թեհրանի դեմ ռազմական գործողությունը դարձնում է հատկապես ռիսկային։
Ինչու կրկին սրվեց Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը
ԱՄՆ նախագահը պահանջում է, որ Իրանը ստորագրի համաձայնագիր, որն արգելում է երկրին ունենալ միջուկային զենք։ Նա զգուշացրել է, որ հակառակ դեպքում Իսլամական Հանրապետությունը կբախվի շատ ավելի հզոր հարձակման, քան անցյալ ամռանը։
Հունվարի վերջին ԱՄՆ-ն ռազմանավերի նավատորմ ուղարկեց Օմանի և Պարսից ծոցեր։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ավելի ուշ հայտարարել է այնտեղ լրացուցիչ ուժեր տեղակայելու մասին։
Փետրվարի սկզբին ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Օմանում: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ կողմերը կարողացել են մշակել միջուկային էներգիայի բացառապես խաղաղ նպատակներով օգտագործումը երաշխավորող համաձայնագրի շուրջ աշխատելու հիմնական սկզբունքները:
Փետրվարի 17-ին Ժնևում տեղի է ունեցել քննարկումների երկրորդ փուլը: Թեհրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքի վրա, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի:
Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը հրաժարվի համաձայնագրից, Վաշինգտոնը կանցնի գործողությունների երկրորդ փուլի, որը «շատ ավելի դժվար» կլինի հանրապետության համար:
Թրամփը Իրանին վերջնագիր է ներկայացրել
Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կբախվի ռազմական գործողությունների, եթե միջուկային բանակցությունները ձախողվեն: «
Մենք պետք է հասնենք իմաստալից համաձայնության, հակառակ դեպքում վատ բաներ կպատահեն», — ասել էր Թրամփը՝ հավելելով, որ Թեհրանին տալիս է 10-15 օր:
Իր կազմակերպած Խաղաղության խորհրդի առաջին նիստում ելույթ ունենալով՝ Թրամփը շեշտել էր, որ եթե համաձայնության չհասնեն, Վաշինգտոնը կարող է ստիպված լինել «ձեռնարկել հաջորդ քայլը»: Ավելի ուշ, Air Force One-ում լրագրողների հարցերին պատասխանելով, նախագահը պարզաբանել էր. «Կարծում եմ՝ այդ ժամանակը բավարար կլինի՝ առավելագույնը 10, 15 օր»:
Իրանը պատասխանել է ԱՄՆ բազաներին հարվածելու սպառնալիքով
Ի պատասխան Թրամփի վերջնագրի, Իրանը զգուշացրել է, որ հարձակման դեպքում տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները կհամարի օրինական թիրախներ:
Reuters-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին:
Նամակում նշվում է, որ Թեհրանը պատերազմ չի փնտրում, բայց «ռազմական ագրեսիայի դեպքում Իրանը կպատասխանի վճռականորեն և համաչափ՝ իրացնելով ինքնապաշտպանության իր իրավունքը»: Այն նաև ընդգծում է, որ «տարածաշրջանում թշնամական տերության բոլոր բազաները, օբյեկտները և ակտիվները կհամարվեն օրինական թիրախներ», և որ «Միացյալ Նահանգները կկրի լիակատար և ուղղակի պատասխանատվություն ցանկացած անկանխատեսելի և անվերահսկելի հետևանքների համար»։
Իրանը Թրամփի հռետորաբանությունը անվանել էր «ռազմական ագրեսիայի իրական և ներկա ռիսկի» նշան և զգուշացրել, որ հետևանքները աղետալի կլինեն տարածաշրջանի և միջազգային անվտանգության համար։






































