Հնդկաստանի ռազմածովային ուժերը փետրվարին 18-ին նավատորմերի միջազգային ցուցադրություն-շքերթ են անցկացրել Վիշակհապատնամի ափերի մոտ, որը երկրի ռազմածովային ուժերի արևելյան հրամանատարության կենտրոնակայանն է։
Ռազմածովային շքերթին հետևել է Հնդկաստանի նախագահ Դրոպադի Մուրմուն։
Ինչպես Վիշակհապատնամից հաղորդում է թղթակիցը, դրան մասնակցել է ընդհանուր առմամբ 84 նավ, որոնցից 19-ը՝ այլ երկրների։ Հնդկաստանի ռազմածովային ուժերը ներկայացված են եղել 60 ռազմանավով՝ էսկադրային ականակիրներից և հածանավերից մինչև ականակիրներ և սուզանավեր։
Հնդկաստանն այս օրերին հյուրընկալում է նաև մեկ այլ խոշոր միջոցառում՝ «ՄԻԼԱՆ 2026» խորագրով անցկացվող ռազմածովային զորավարժությունները, որոնց մեկնարկը պաշտոնապես կտվրի վաղը՝ փետրվարի 19-ին։ Ինչպես այսօր կայացած շքերթին, այնպես էլ մեկնարկող զորավարժություններին մասնակցում է Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող շուրջ 74 երկիր՝ այդ թվում ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Իրանը․ մասնակիցների թվում են նաև բազմաթիվ երկրներ Հարավ-Արևելյան Ասիայից, Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից։
Թուրքիան և Չինաստանը չեն մասնակցում այս միջոցառումներին․ ինչպես գրում են հնդկական աղբյուրները, այս երկրները հրավեր չեն ստացել՝ նախորդ տարի տեղի ունեցած ռազմական հակամարտության ժամանակ Պակիստանին աջակցելու և վերջինի հետ սերտ հարաբերություններ ունենալու պատճառով։
Հայկ Սահակյան
Վիշակհապատնամ, Հնդկաստան






































