Չորեքշաբթիից կիրակի ընկած ժամանակահատվածում Ուկրաինան ռուսական բանակից վերադարձրել է իր տարածքի 201 քառակուսի կիլոմետրը։ Ուկրաինայի զինված ուժերը 2023 թվականի հունիսի հակահարձակումից ի վեր այդքան կարճ ժամանակահատվածում նման տարածք չեն վերադարձրել։ Դրա մասին նշվում է ամերիկյան «Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի» (Institute for the Study of War) հրապարակած տվյալների վերլուծության մեջ։ Վերադարձված տարածքը գրեթե համընկնում է ամբողջ դեկտեմբեր ամսվա ռուսական գրավումների հետ (244 քառակուսի կիլոմետր)։
«Ուկրաինական հակահարձակումները, ըստ ամենայնի, օգտագործում են Starlink արբանյակային համակարգին ռուսական զինված ուժերի մուտքի արգելափակումը, որն, ըստ ռուս ռազմական բլոգերների, խաթարել է կապի և հրամանատարության ու վերահսկողության գործառույթները»,- նշել է ISW-ն։
Իսկապես, ռուս ռազմական դիտորդները փետրվարի 5-ին նկատել են խափանումներ, երբ Իլոն Մասկը հայտարարեց Կրեմլի կողմից այս տեխնոլոգիայի օգտագործումը դադարեցնելու «միջոցառումների» մասին, գրում է Bild-ը։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ Starlink-ի օգնությամբ ռուսական անօդաչու թռչող սարքերը խույս են տվել ռադիոէլեկտրոնային պայաքարի համակարգերից և կարողացել են ճշգրիտ հարվածել թիրախներին։
ISW-ի տվյալներով՝ առանց Starlink-ի օգտագործման, ռուսական զորքերը կարողացել են տարածքային նվաճումներ գրանցել ռազմաճակատում միայն անցյալ շաբաթ՝ փետրվարի 9-ին։ Մնացած օրերին Կիևն առաջխաղացում է գրանցել։
Ուկրաինական հակահարձակումները հիմնականում կենտրոնացած են Զապորոժիե քաղաքից մոտավորապես 80 կիլոմետր արևելք ընկած տարածքում, որտեղ ռուսական զորքերը զգալի առաջխաղացումներ են ունեցել 2025 թվականի ամռանից ի վեր։
Փետրվարի կեսին Ռուսաստանն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերահսկում էր Ուկրաինայի տարածքի 19,5%-ը՝ նախորդ տարվա 18,6%-ի համեմատ։ Մոտավորապես 7%-ը՝ Ղրիմը և Դոնբասի մի մասը, գտնվում էին Ռուսաստանի վերահսկողության տակ՝ լայնածավալ պատերազմի սկսվելուց առաջ։






































