Կառավարության նոյեմբերի 26-ի ճեպազրույցի ժամանակ լրագրողը վարչապետից հետաքրքրվեց՝ եթե առաջիկայում՝ Մոսկվա այցերի ժամանակ, հարց դրվի, որ պետք է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մեկնարկելու մասին օրենքը չեղարկվի, ի՞նչ որոշում կկայացնի հայկական կողմը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Ո՛չ, ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը մի քանի պատճառով: Պատճառներից առաջինն այն է, որ օրենքն ընդունվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, այսինքն՝ այնպես չէ, որ Կառավարության կամ նեղ քաղաքական շրջանակի կայացրած որոշում է։
Երկրորդը՝ տեղի են ունեցել ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է այդ օրենքի օգտին, էլ չեմ ասում, որ տեղի են ունեցել և տեղի են ունենում պրոցեսներ, որոնք պետք է գնան, զարգանան, այսինքն՝ ես հնարավոր չեմ համարում օրենքի չեղարկումը»։
Այս համատեքստում Փաշինյանը, անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, նաև հայտարարեց. «Մենք ՌԴ-ին վնասելու ցանկություն, մտադրություն, նպատակ ո՛չ ունեցել ենք, ո՛չ ունենք, ո՛չ էլ կունենանք և նույնն էլ ակնկալում ենք Ռուսաստանից։
Հարգում ենք, բնականաբար, ՌԴ ինքնիշխանությունը, ՌԴ շահերը, բայց մենք մեր ինքնիշխանությունն ու մեր շահերն էլ ենք հարգում, բնականաբար, ամենայն հարգանքով, ավելի շատ, քան ՌԴ շահերը, և մենք այստեղ պետք է գտնենք լուծումներ։ Իմ կարծիքով՝ լուծումները հնարավոր են։ Ուրախ եմ արձանագրել, որ ձեր նշած լարումները ոչ թե աճում են, այլ նվազում են (դիմում է լրագրողին-խմբ.)։ Մենք ՌԴ-ի հետ վիճելու մտադրություն չունենք, մենք պարբերաբար երկխոսում ենք»։






































