Իշխանությունները չեն ցանկանում խոստովանել, որ Նոր տարվա օրերին Էրեբունիում տեղի ունեցած վթարի հետևանքները հաջողվել է վերացնել «Տաշիր» ընկերության կողմից համապատասխան սարքավորումների տրամադրման շնորհիվ՝ դրա սեփականատեր Սամվել Կարապետյանի համաձայնությամբ, քանի որ խնդիրը վերաբերում էր բնակչությանը։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը։
Նա հիշեցրել է, որ կարգավորող մարմինը նույնիսկ չգիտի Նոր տարվա օրերին Էրեբունիում հոսանքազրկված բաժանորդների թիվը։ «Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե այդ օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը գտնվեր մեր ձեռքում», — հռետորական հարց է հնչեցրել Ղազինյանը։
Նա հիշեցրել է, որ իշխանություններն արդեն 1,5 ամիս է՝ խոսում են, թե իբր կարող էր ֆորս-մաժոր լինել, քանի որ չեն ցանկանում բնակչությանը փոխհատուցում վճարել։ «Մինչդեռ էլեկտրաէներգիայի տևական անջատումների դեպքում ընկերությունը մեր ժամանակ փոխհատուցում էր բաժանորդներին։ Բացի այդ, իշխանությունները դրանով ցանկանում են ցույց տալ, թե իբր դա տեղի չի ունեցել իրենց վատ կառավարման պատճառով», — ընդգծել է նախկին տնօրենը։
Նա հիշեցրեց նաև կարգավորող մարմնի մեկ այլ հայտարարության մասին, որով թույլատրելի էր համարվում անբարեխիղճ աշխատակիցների առկայությունը, որոնք կարող են գերազանցել հաշվիչների ցուցմունքները: «Մենք էլ ենք հենց դրա մասին ասում: Իսկ իրենք նո՞ր հասկացան, որ նման բան կարող է լինել, թե՞ նախկինում էլ գիտեին, բայց համարձակություն չունեին այդ մասին հայտարարելու: Իշխանություններն ասում են, որ քաղաքացիների բողոքները կապված են նրանց կողմից օրենքների չիմացության հետ: Այսինքն՝ այն բանից հետո, երբ իրենք ընկերությունը վերցրեցին իրենց կառավարման տակ, բնակչությունը կտրուկ մոռացա՞վ օրենքները: Սա արտացոլում է ողջ պետական կառավարման վիճակը», — եզրափակել է Դավիթ Ղազինյանը:






































