Իտալացի անվանի նախկին մասնագետ, Մադրիդի «Ռեալի» և Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խստորեն քննադատել է Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի պահվածքը «Յուվենտուսի» դեմ կայացած խաղում (3-2)։
Կապելոն անդրադարձել է դրվագին, որը հանգեցրեց թուրինյան ակումբի պաշտպան Պիեռ Կալյուլյուի հեռացմանը։
«Բաստոնին Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է և իրավունք չունի իրեն այդպես պահել։ Զզվելի էր տեսնել, թե ինչպես նա իր սիմուլյացիայով խաբեց մրցավարին։ Ինձ հիասթափեցրին նաև «Ինտերի» գլխավոր մարզիչ Կիվուի խոսքերը։ Տպավորություն ստեղծվեց, թե նա արդարացնում է իր խաղացողին», — Կապելոյի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը։
Տնային հաղթանակից հետո «ներաձուրիները» ամրապնդեցին իրենց դիրքերը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ «Ծեր սինյորան» այս պահին զբաղեցնում է 5-րդ տեղը։






































