Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 6-ին ընդունել էԻրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևն ընդգծել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցն Ադրբեջան անցած տարի հաջող է անցել և լավ արդյունքներ են գրանցվել, որից հետո երկկողմ հարաբերությունները շարունակել են զարգանալ:
Ալիևը նշել է, որ ներկայումս աշխարհի շատ տարածաշրջաններում շարունակվում են պատերազմներն ու հակամարտությունները, եւ հայտարարել Է, որ «Ադրբեջանի նախաձեռնությամբ Հարավային Կովկասում արդեն խաղաղություն է հաստատվել»:
Նա վստահություն է հայտնել, որ դա նշանակություն ունի նաև Իրանի համար, որը սահմանակից է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:
Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին՝ ընդգծելով, որ «Ադրբեջանի օրինակով ցուցադրվում է պատերազմից խաղաղության անցման մոդելը»:
Ալիևը հիշեցրել է, որ Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Ադրբեջանը մտահոգված է տարածաշրջանում տիրող իրավիճակով և պատրաստ է աջակցել լարվածության թուլացմանը:






































