Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև առաջին եռակողմ բանակցությունների մասին, գրում է Current time-ը։
Նա ասել է, որ դրանք տեղի կունենան «տեխնիկական մակարդակով» և կանցկացվեն հունվարի 23-24-ը Արաբական Միացյալ Էմիրություններում։ «Ռուսները պետք է պատրաստ լինեն փոխզիջման։ Բոլորը պետք է պատրաստ լինեն, ոչ միայն Ուկրաինան։ Տեսնենք, թե ինչ արդյունք կլինի»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին նաև նշել է, որ խաղաղության հասնել հնարավոր չէ առանց ԱՄՆ նախագահի աջակցության, միաժամանակ, քննադատել ԵՄ-ին քաղաքական կամքի բացակայության համար, ինչն արտացոլվում է Ուկրաինային օգնելու համար ռուսական բռնագրավված ակտիվները չօգտագործելու դժկամությամբ։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Դավոսում իր ելույթն ավարտել է՝ ասելով, որ Եվրոպան պետք է կարողանա պաշտպանվել, բայց, ըստ Ուկրաինայի առաջնորդի, տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել։
Զելենսկին մի քանի օրինակ է բերել եվրոպացի քաղաքական գործիչների, որոնք, նրա խոսքով, սպասում են ԱՄՆ-ի որոշմանը կամ գործողություններին, այլ ոչ թե իրենք են գործողություններ ձեռնարկում։ Նա ասել է, որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Գրենլանդիայի վրա։
«Բոլորը հույս ունեն, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը կսառչի, և որդեգրում են սպասողական դիրքորոշում։ Նույնը տեղի ունեցավ նաև Իրանում բողոքի ցույցերի պարագայում»,- նշել է Ուկրաինայի նախագահը՝ որպես օրինակ բերելով նաև Վենեսուելան։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը հայտարարել էր, որ այսօր Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումից հետո ամերիկյան պատվիրակությունը կմեկնի ԱՄԷ։ Նա նշել է, որ ինքը և ամերիկյան պատվիրակության մյուս անդամները հունվարի 21-ի երեկոյան քննարկումներ են անցկացրել ուկրաինական պատվիրակության հետ։ Այլ թեմաների շարքում նրանք քննարկել են ուկրաինական տնտեսության վերականգնումը, հիշատակել նաև ազատ տնտեսական գոտին։
Զելենսկիի ելույթից առաջ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ և անցել փակ դռների հետևում: Թրամփն ասել է, որ հանդիպումն անցել է «շատ լավ» և իր ուղերձը փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ պատերազմը պետք է ավարտվի։
FT-ը հաղորդել է, որ Զելենսկին փորձել է համոզել Թրամփին՝ լրացուցիչ պարտավորություններ ստանձնել Ուկրաինային աջակցելու համար։ Դավոսի գագաթնաժողովից առաջ ԱՄՆ պաշտոնյաների հետ համաձայնեցվել են համապատասխան փաստաթղթեր, սակայն քննարկումները չեն ավարտվել, և դրանք չեն ստորագրվել։






































