Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները պնդում են՝ սպանությունների հետ կապ չունեն

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Գևորգ Հարությունյանը և Նարեկ Օհանյանը չեն ընդունում մեղադրանքը, պնդում են՝ սպանության հետ կապ չունեն։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, այսօր ընթանում են Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության գործով հիմնական դատալսումները։

Այսօրվա նիստի մեկնարկին հանրային մեղադրող Անդրանիկ Շահբազյանը հանդես եկավ բացման խոսքով՝ ներկայացնելով Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի մեղադրական եզրակացությունները, համաձայն որի՝ սպանությունը Հարությունյանը կատարել է վրեժի շարժառիթով, Օհանյանն էլ՝ պարտակելու նպատակով օժանդակել։ Մասնավորապես, Գևորգ Հարությունյանը Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին, Արծրուն Գալստյանին վրեժի շարժառիթով կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ 2025 թ. սեպտեմբերի 23-ին ժամը 23.43-ին կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ, սպանել Վոլոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին, փորձելով սպանել Արծրուն Գալստյանին։ Նարեկ Օհանյանը օժանդակել է Գևորգ Հարությունյանին՝ նախապես տրամադրել է իր տունը, միջոցներ է ձեռնարկել հանցագործության հետքերը՝ սպորտային կոշակները, հագուստները, դիմակը, պայուսակն այրելու միջոցով վերացնել, որի համար ձեռք է բերել դյուրավառ հեղուկ և թողել բակում։

Տուժող կողմը, սակայն, պնդում է՝ առաջադրված մեղադրանքն ու արարքի փաստական կողմն ամբողջական չի ներկայացվել, ինչի արդյունքում սխալ իրավաբանական որակում է տրվել։ Մասնավորապես, Սեյրան Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դեպքից առաջ Վալոդյա Գրիգորյանն ընդհանրապես չի ճանաչել, չի շփվել Գևորգ Հարությունյանի հետ, որևէ առիթ չի եղել հանդիպելու համար կամ չի եղել այնպիսի իրավիճակ, որ Վալոդյա Գրիգորյանը թեկուզ մեկ անգամ վիրավորած լինի Գևորգ Հարությունյանին, քանի որ չի ճանաչել։ Ինչ վերաբերում է ինքնաձիգին և ռազմամթերք հանդիսացող առնվազն 20 փամփուշտներին, ապա փաստաբանը նկատեց, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված ինքնաձիգն ամրակցված է եղել «Արծիվ 1» ջոկատին, բայց չի պարզել, թե ում վրա է հաշվառված եղել ինքնաձիգը, ով է փոխանցել Հարությունյանին, ինչպես և այլ հանգամանքներ, որոնք այդպես էլ մնացել են չպարզված։ Մեղադրանքի որոշման մեջ առկա մյուս ձևակերպումը, որի հետ համաձայն չէ տուժող կողմը, կապված է Նարեկ Օհանյանի եղբոր սպանության միջադեպին, որի հետ որևէ կապ չի ունեցել Վալոդյա Գրիգորյանը, անգամ որպես վկա չի հարցաքննվել, հետևաբար, ինչ կապ ուներ Գրիգորյանն այդ դեպքին, որ վրեժ լուծեին։ Ընդ որում, Գևորգ Հարությունյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, ասել, որ չի ճանաչել Կարեն Աբրահամյանին։ Ավելին, Մհեր Ախտոյանը Վալոդյա Գրիգորյանին ասել է, որ «Վալոդիկ, գլուխդ ուտելու եմ», բայց այդ մասին գործում ոչինչ չկա։ Մեղարդյալները դատարանում ևս հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ չեն ընդունում մեղքը։

«Էս կատարված սպանությունների հետ ես կապ չունեմ։ Էս ամեն ինչն արել եմ վախից ելնելով․ էսքան ամիս անցել է, չեմ ուզում մեղքի ու անեծքի տակ մտնել, մնացած մանրամասներն էլ մյուս դատական նիստերին կասեմ»,-հայտարարել է Գևորգ Հարությունյանը։

Նարեկ Օհանյանը ևս մեղադրանքը չի ընդունում, նշում է՝ իրեն մեղադրում են իր առօրյայում արված գործողությունների համար, որը որակել են որպես օժանդակություն։ Օհանյանը հայտարարեց, թե Վալոդյա Գրիգորյանը որևէ կապ չի ունեցել փետրվարի 5-ի միջադեպի հետ, ոչ Գրիգորյանի, ոչ Աբրահամյանի, ոչ Արծրուն Գալստյանի հետ որևէ խնդիր չի ունեցել։

«Ինձ այժմ մեղադրում են մի բանի համար, որը ոչ մտածել եմ, ոչ արել եմ»,- հայտարարեց Օհանյանը։
Դատարանում այժմ հետազոտվում են գործում առկա ապացույցները, այդ թվում՝ դեպքի վայրի զննության արդյունքները և տեսագրությունները։

Հիշեցնենք, որ 2025թ․ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։

Վիրավորում ստացած քաղաքացին, որը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։ Ընդ որում, Գրիգորյանի անշարժացած ընկնելուց հետո մոտեցել է և ինքնաձիգի կոթով նաև հարվածներ հասցրել Գրիգորյանին, ապա նորից հեռացել դեպքի վայրից։ Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։ Հատկանշական է, որ ի սկզբանե պրոիշխանական քարոզչամեքենան, այդ թվում՝ իրավապահ մարմիններն առաջ մղեցին իբրև վենդետայի վարկածը և ձերբակալեցին Նարեկ Օհանյանին, որն, ըստ իրավապահների, վրեժխնդիր է եղել ամիսներ առաջ եղբոր սպանության համար, ավելի ուշ, ձերբակալվեց Գևորգ Օհանյանը, որին իրավապահները մեղադրում են սպանությունը կատարելու մեջ։ Մենք տեղեկացրել էինք, որ 20-ամյա մեղադրյալը պրոֆեսիոնալ հրաձիգ չի եղել։

Ավելին՝ «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնում են, որ Գևորգ Հարությունյանն անգամ բանակում չի ծառայել, հետեւապես չէր կարող ծառայության ընթացքում զենքին տիրապետել սովորել։ Նրա հետ ամիսներ շարունակ աշխատանք է տարվել, կրակելու պարապունքներ անցկացվել, այսինքն՝ հատուկ վարժեցրել են Վալոդյա Գրիգորյանի սպանության համար։ Նրա թեկնածության ընտրությունն էլ, թերեւս, պատահական չի եղել։ Մեզ հաջողվեց պարզել, որ տղայի ընտանիքը հանցավոր աշխարհի հետ չունի ոչ մի առնչություն, եղել է մոր խնամքին, որին էլ հավաքագրել են իրենց հանցավոր խմբի մեջ ու հենց նրա ձեռքերով իրականացրել կեղտոտ գործը։ Սպանության շահառուների շրջանակը շատ ավելի մեծ է, քան՝ պարզապես Հարությունյանը և Նարեկ Օհանյանը, որի եղբայրը սպանվել էր ամիսներ առաջ, սակայն հերթական անգամ փորձ է արվում ծածկադմփոց անել ու որոշ մարդկանց անունը մաքրել, հանել հանցավոր շղթայից

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031