Եվրոպայում գազի միջին գինը հասել է երեք տարվա ամենաբարձր մակարդակին

Եվրոպայում գազի միջին գինը բարձրացել է վերջին երեք տարվա առավելագույն մակարդակին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վերլուծելով Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

Երկուշաբթի օրվա արդյունքներով՝ TTF ինդեքսով հաշվարկային արժեքը հասել է 675 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2023 թվականի հունվարի 23-ից ի վեր, երբ գինը կազմում էր գրեթե 745 դոլար։

Եվրոպական շուկայում գազի գինը սկսել է կտրուկ աճել Մերձավոր Արևելքում հակամարտության մեկնարկից հետո։ Անցյալ շաբաթ կատարական պետական QatarEnergy ընկերությունը հայտարարել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտադրության դադարեցման մասին՝ իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։ Ընդ որում՝ այդ արտադրանքի մեծ մասն ուղղվել է ԵՄ երկրներ։ Նախօրեին հազար խորանարդ մետրի դիմաց գազի արժեքը գերազանցել է 800 դոլարը։

Վերլուծաբանների կարծիքով՝ եթե հակամարտությունը ձգձգվի, Եվրոպան կարող է բախվել գնային այնպիսի ցնցման, որը համադրելի կլինի 2022 թվականի գարնան իրավիճակի հետ։ Այն ժամանակ հազար խորանարդ մետրի դիմաց սակագները հասել էին 3892 դոլարի։

Իրավիճակն էլ ավելի է բարդանում տեղի ստորգետնյա պահեստարաններում գազի ցածր պաշարների պատճառով։ Եվրոպայի գազային ենթակառուցվածքների օպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ ներկայումս այնտեղ մնացել է պաշարների ընդամենը 29,4%-ը։ Սա 2011 թվականից ի վեր տարվա այս ժամանակահատվածի համար ամենացածր ցուցանիշներից մեկն է։

Եվրոպայում էներգետիկ ճնշումն ուժգնանում է նաև ռուսական ներմուծումից հրաժարվելու ֆոնին։ Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևի գնահատմամբ՝ Եվրոպան դրա պատճառով ավելի քան 1,3 տրիլիոն եվրո է կորցրել։

Այդուհանդերձ, անցյալ տարվա հոկտեմբերի կեսերին Եվրամիության խորհուրդը հաստատել է ռուսական գազի մատակարարումներից փուլային հրաժարման ծրագիրը՝ սկսած 2026 թվականի հունվարի 1-ից։ Գործող պայմանագրերի համար անցումային շրջան կպահպանվի մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։ Մինչև հունիսի 17-ը կնքված կարճաժամկետ համաձայնագրերի դեպքում ռուսական ՀԲԳ-ի (հեղուկացված բնական գազ) ներմուծման արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 25-ից, իսկ խողովակաշարային գազինը՝ նույն տարվա հունիսի 17-ից։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031