Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային դիմել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ կոչ անելով նրան «ազատել մեզ կեղծավորությունից»։
«Խնդրում եմ, ազատեք մեզ ձեր կեղծավորությունից։ Դուք կարիերա եք ստեղծել՝ մշտապես հայտնվելով պատմության սխալ կողմում՝ արդարացնելով օկուպացիան, ցեղասպանությունն ու վայրագությունները, իսկ հիմա էլ արդարացնում եք իրանցիների դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան ու ռազմական հանցագործությունները։
Որտե՞ղ էր ձեր ձայնը, երբ Մինեբ քաղաքում ավելի քան 165 անմեղ իրանցի երեխաներ սպանվեցին։ Ինչո՞ւ եք լռում, երբ հարվածներ են հասցվում հիվանդանոցներին, պատմական օբյեկտներին, նավթային ձեռնարկություններին, դիվանագիտական ոստիկանության կենտրոնակայանին, հրշեջ կայաններին և բնակելի թաղամասերին։
Անօրինականության և դաժանության մասին լռելը՝ ոչ այլ ինչ է, քան հանցակցություն։
Թերթեք ձեր իսկ հրապարակման տակ գրված պատասխանները և տեսեք, թե մարդիկ իրականում ինչ են մտածում ձեր կողմից «հանցագործներին սպիտակեցնելու» մասին»,- գրել է Բաղային X սոցիալական ցանցում։
Նա վերահրապարակել է ֆոն դեր Լեյենի ելույթն ու գրառումը, որտեղ նշվում է, թե «Իրանի ժողովուրդն արժանի է ազատության, արժանապատվության և սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքին»։
«Նույնիսկ եթե գիտենք, որ դա պատերազմի ընթացքում և դրանից հետո կուղեկցվի վտանգներով ու անկայունությամբ։ Այժմ մենք ականատես ենք լինում տարածաշրջանային մի հակամարտության, որն ունի բազմաթիվ անկանխատեսելի հետևանքներ։ Կիպրոսում բրիտանական ռազմաբազաները թիրախ են դարձել։ Ցանկանում եմ վերահաստատել մեր լիակատար համերաշխությունը Կիպրոսին»,- ասված է Եվրոհանձնաժողովի ղեկավարի հրապարակման մեջ։






































