Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Մարտի 9-ին Օսլոյում Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Նորվեգիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերջին տարիներին Հայաստանի և Նորվեգիայի միջև շարունակաբար ընդլայնվող քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակի շփումները՝ երկուստեք նշելով դրանց շարունակական ամրապնդման փոխադարձ պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել երկկողմ ոլորտային համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում՝ տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության ոլորտներում փոխգործակցությանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ձևավորված արդյունավետ համագործակցության խորացմանը։

Ընդգծվել է Նորվեգիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը զարգացման համագործակցության ոլորտում՝ հատկապես հումանիտար կարիքների հասցեագրման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ՀՀ կարողությունների զարգացման ուղղությամբ։

Կարևորվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնումն ու հնարավորությունների լավագույն իրացումը և ընդծվել Նորվեգիայի սերտ գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ որպես կարևոր ուղենիշ ՀՀ-ԵՄ գործընկերության ապագա խորացման համար։ Միաժամանակ երկուստեք շեշտվել է Հայաստան-Նորդիկ-Բալթիկ երկրներ ձևաչափի շրջանակներում համագործակցության հետագա խորացման կարևորությունը:

Քննարկվել են ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել միջազգային կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ այս համատեքստում նաև ներկայացնելով Վաշինգտոնյան համաձայնություններից հետո Հարավային Կովկասում ընթացող դրական դինամիկան:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, միջազգային օրակարգի՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031