Իրաքի վարչապետը Ռուբիոյին հայտարարել է, որ իր երկիրը չպետք է որպես հենադաշտ օգտագործվի

Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին այս երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ կայացած զրույցում հայտարարել է, որ Իրաքը չպետք է հենադաշտ դառնա Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի շրջանակում հարձակումներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Իրաքը սահմանակից է Իրանին, որին փետրվարի 28-ին ԱՄՆ-ն ու Իսրայելը զանգվածային հարվածներ են հասցրել, ինչպես նաև Պարսից ծոցի երկրներին, որոնց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարվածներ է հասցրել:

Ինչպես նշում է լրատվամիջոցը՝ պատերազմի մեկնարկից ժամեր անց Իրաքի օդային տարածքը լցվել էր բոլոր ուղղություններից թռչող կործանիչներով և հրթիռներով։

Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում ալ-Սուդանին ընդգծել է «այն կարևորությունը, որ Իրաքի օդային տարածքը, ցամաքը և ջրերը չպետք է օգտագործվեն որևէ ռազմական գործողության համար՝ ուղղված հարևան երկրների կամ տարածաշրջանի դեմ»։ Այս մասին նշված է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ալ-Սուդանին մերժել է «երկիրը շարունակվող հակամարտությունների մեջ ներքաշելու ցանկացած փորձ», ինչպես նաև «որևէ կողմից երկրի օդային տարածքի խախտումները»։

Իրաքը, որը երկար ժամանակ Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի պատերազմների դաշտ էր, հակամարտության մեջ է ներքաշվել հենց սկզբից։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը մեղադրվել են իրանամետ խմբավորումներին հարվածելու մեջ, որոնք էլ իրենց հերթին հայտարարել են Իրաքում և ընդհանուր տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա հարձակումների մասին։ Պետքարտուղարության ներկայացուցիչ Թոմի Պիգոն նշել է, որ Ռուբիոն «խստորեն դատապարտել է Իրաքում, այդ թվում՝ Քուրդիստանում Իրանի և նրա հետ կապված ահաբեկչական զինյալ խմբավորումների հարձակումները»։ Նա կոչ է արել Իրաքին ձեռնարկել «բոլոր հնարավոր միջոցները՝ ամերիկյան դիվանագիտական անձնակազմի և օբյեկտների պաշտպանությունն ապահովելու համար»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031