Ինձ այժմ մեղադրում են մի բանի համար, որը ոչ մտածել եմ, ոչ արել եմ. Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Գևորգ Հարությունյանը և Նարեկ Օհանյանը չեն ընդունում մեղադրանքը, պնդում են՝ սպանության հետ կապ չունեն։

Մասնավորապես, դատական նիստում նշվեց, որ դեպքից առաջ Վալոդյա Գրիգորյանն ընդհանրապես չի ճանաչել, չի շփվել սպանության մեջ կասկածվող Գևորգ Հարությունյանի հետ, որևէ առիթ չի եղել հանդիպելու համար։

Ինչ վերաբերում է ինքնաձիգին և ռազմամթերք հանդիսացող առնվազն 20 փամփուշտներին, ապա փաստաբան Սեյրան Մարտիրոսյանը նկատեց, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված ինքնաձիգն ամրակցված է եղել «Արծիվ 1» ջոկատին, բայց չի պարզել, թե ում վրա է հաշվառված եղել ինքնաձիգը, ով է փոխանցել Հարությունյանին, ինչպես և այլ հանգամանքներ, որոնք այդպես էլ մնացել են չպարզված։

Մեղադրանքի որոշման մեջ առկա մյուս ձևակերպումը, որի հետ համաձայն չէ տուժող կողմը, կապված է Նարեկ Օհանյանի եղբոր սպանության միջադեպին, որի հետ որևէ կապ չի ունեցել Վալոդյա Գրիգորյանը, անգամ որպես վկա չի հարցաքննվել, հետևաբար, ինչ կապ ուներ Գրիգորյանն այդ դեպքին, որ վրեժ լուծեին։

Ընդ որում, Գևորգ Հարությունյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, ասել, որ չի ճանաչել Կարեն Աբրահամյանին։

Մեղարդյալները դատարանում ևս հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ չեն ընդունում մեղքը. «Էս կատարված սպանությունների հետ ես կապ չունեմ։ Էս ամեն ինչն արել եմ վախից ելնելով․ էսքան ամիս անցել է, չեմ ուզում մեղքի ու անեծքի տակ մտնել, մնացած մանրամասներն էլ մյուս դատական նիստերին կասեմ»,-հայտարարել է Գևորգ Հարությունյանը։

Նարեկ Օհանյանը ևս մեղադրանքը չի ընդունում, նշում է՝ իրեն մեղադրում են իր առօրյայում արված գործողությունների համար, որը որակել են որպես օժանդակություն։ Օհանյանը հայտարարեց, թե Վալոդյա Գրիգորյանը որևէ կապ չի ունեցել փետրվարի 5-ի միջադեպի հետ, ոչ Գրիգորյանի, ոչ Աբրահամյանի, ոչ Արծրուն Գալստյանի հետ որևէ խնդիր չի ունեցել։

«Ինձ այժմ մեղադրում են մի բանի համար, որը ոչ մտածել եմ, ոչ արել եմ»,- հայտարարեց Օհանյանը։

Դատարանում այժմ հետազոտվում են գործում առկա ապացույցները, այդ թվում՝ դեպքի վայրի զննության արդյունքները և տեսագրությունները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031