Մի քանի օր առաջ Ազգային ժողովում պետական պարտքի մասին հայտարարություններ արեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ երեկ՝ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Նախարարը պնդել էր, թե պարտքը «չի կրկնապատկվել», իսկ վարչապետը հայտարարեց, թե «8 միլիարդ դոլարի պարտք ենք վերցրել, որ զենք առնենք»։
Այս երկու թեզերն էլ չեն համապատասխանում ո՛չ պետական վիճակագրությանը, ո՛չ էլ հենց կառավարության բյուջետային ուղերձին։ Սա մաքուր պոպուլիզմ է՝ առանց մասնագիտական հիմքի։
1․ Ինչ են ասում պաշտոնական թվերը
Պաշտոնական տվյալներով 2017թ. պետական պարտքը կազմում է 6.8 մլրդ դոլար, իսկ 2025թ. սեպտեմբերին՝ 14.2 մլրդ դոլար։
Այսինքն՝ պարտքը ավելի քան 2.1 անգամ է աճել, և տարբերությունը կազմում է մոտ 7.4 մլրդ, ոչ թե 8 (սա տարրական թվաբանություն է, ոչ թե քաղաքական մեկնաբանություն)։
2․ Նախարարի թեզը՝ «պարտքը չի կրկնապատկվել»
Եթե համեմատությունը արվում է 2017–2025 ժամանակահատվածով (ինչպես անում է իշխանությունը), ապա պարտքը դոլարով ոչ միայն կրկնապատկվել է, այլ մի փոքր ավելի է։
Այս թեզը հիմնված է երկու մանիպուլյատիվ հնարքի վրա․ կիրառվում են խառը բազիսներ, այսինքն՝ տարբեր մեկնարկային տարիների ընտրություն քաղաքական հարմարությամբ, և փոխարժեքային խաբկանք՝ պարտքը հաշվել են դրամով, այն դեպքում, երբ դրամը 2017–2025 թթ. արժևորվել է (484 → 383 դրամ/դոլար), և պարտքը դոլարով «ավելի մեղմ» է երևում։
Բայց նույնիսկ այս «կոսմետիկայի» պայմաններում պարտքը դոլարով կրկնապատկվել է։
3․ Վարչապետի թեզը՝ «8 միլիարդ դոլարի պարտք ենք վերցրել, որ զենք առնենք»
7.4 միլիարդի մեջ ներառված է ամեն ինչ․ հին պարտքերի վերաֆինանսավորում, բյուջետային դեֆիցիտի ֆինանսավորում, տոկոսավճարների վճարում, և միայն մասամբ՝ պաշտպանական ծրագրեր։
2026թ. բյուջետային ուղերձը հստակ ցույց է տալիս, որ պարտքով և հարկերով ձևավորված ծախսերի աճի հիմնական ուղղություններն են․ սոցիալական վճարները և կենսաթոշակները, որոնք 2026-ին հասնելու են 1,285.8 մլրդ դրամի (+193.9 մլրդ կամ +17.8%), պետական պարտքի տոկոսավճարները՝ 2024թ․՝ 313.6 մլրդ, 2025թ․՝ 381.1 մլրդ, 2026թ՝ 423.2 մլրդ դրամ (ՀՆԱ-ի շուրջ 3.5%)։
Այսինքն՝ հենց կառավարության փաստաթղթերն են հաստատում, որ պարտք վերցված ռեսուրսների մեծ մասը գնացել է սոցիալական վճարների, տոկոսավճարների, ընթացիկ և կապիտալ ծախսերի վրա, ոչ թե զենքի։
Ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ասում, որ պարտքի աճի ամբողջ գումարը կամ նույնիսկ մեծ մասը գնացել է զենքի։ Ուստի վարչապետի պնդումը պոպուլիստական արդարացում է, ոչ թե հաշվետվություն։
4․ Ինչո՞ւ է սա պոպուլիզմ
Եվ նախարարի, և վարչապետի խոսքերը խուսափում են ամբողջական պատկերի ներկայացումից, ընտրում են միայն իրենք իրենց ձեռնտու մեկնարկային ու վերջնակետային թվերը, խառնում են դրամային և դոլարային հաշվարկները, պարտքը ներկայացնում են որպես քաղաքական ինքնարդարացում՝ «տեսեք, պարտք վերցրինք զենքի համար», «տեսեք, պարտքը չի կրկնապատկվել»։
Իսկ իրականությունը հետևյալն է․ պետական պարտքը դոլարով կրկնապատկվել է, պարտքի զգալի մասը ուղղվել է ոչ արտադրական ընթացիկ ծախսերի և տոկոսային բեռի վրա, պարտքի սպասարկումն արդեն դարձել է բյուջեի ամենաարագ աճող տողերից մեկը։
Պետական պարտքը թվերի խաղ չէ․ դա քաղաքական պատասխանատվության չափման միավոր է:
Երբ պաշտոնյաները պարտքից խոսում են պոպուլիստական լեզվով՝ առանց հղում կատարելու պետական վիճակագրությանը և սեփական բյուջետային ուղերձին, նրանք ոչ թե լրջախոհ հաշվետու լինելու ցանկություն ունեն, այլ՝ քաղաքական առումով «արժանապատիվ» արդարացումներ փնտրելու կեցվածք ցուցադրելու։
Եթե ուզում ենք լուրջ խոսել պետական պարտքի մասին, պետք է առաջնորդվել ոչ թե ամբիոնային հայտարարություններով, այլ՝ պաշտոնական թվերով և փաստաթղթերով, որոնք, ցավոք, քիչ կապ ունեն այսօրվա իշխանության բանավոր նարատիվների հետ»,-գրել է նա:






































