ԱՍՀ նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեխաները չեն կարող և չպետք է դառնան քաղաքական կամ մեդիա թիրախավորման գործիք։ Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին տեսախցիկի առաջ կանգնեցնելով՝ նրանց միջոցով համակարգային գնահատականներ ձևակերպելը դա անող լրատվամիջոցների մոտ լուրջ էթիկական հարցեր է առաջացնում։
Երեխայի լավագույն շահի սկզբունքը հստակ թելադրում է, որ ցանկացած հրապարակում կամ հանրային անդրադարձ պետք է առաջնահերթ դիտարկի երեխաների արժանապատվության, անվտանգության, նրանց հետագա թիրախավորումը բացառելու և հոգեբանական բարեկեցության ապահովման համատեքստում։
Խոցելի վիճակում գտնվող երեխաները չեն կարող և չպետք է օգտագործվեն այս կամ այն քստմնելի քաղաքական օրակարգեր առաջ տանելու կամ շենշող վերնագրեր ստանալու համար։
Երեխաների իրավունքների, նրանց լավագույն շահերի պաշտպանությունը պետք է լինի ոչ միայն պետական կառույցների, այլև ԶԼՄ-ների և կարծիք ձևավորող ցանկացած անհատի առաջնահերթությունը:
Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ապա ինչպես բոլոր, այդ թվում այս դեպքում պետությունը իրեն հասանելի գործիքակազմի կիրառմամբ անում և անելու է ամեն ինչ, որպեսզի կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքները և երեխաները դուրս գան այդ վիճակից:






































