Վերահսկողությունը սկսվում է ապրանքի ձեռքբերման վայրից, ապա, հետագծելիությամբ ստուգվում է նաև արտադրամասը: Այս մասին Tert.am-ին ասաց ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը՝ արձագանքելով «Աթենք»-ի նագգեթսի մեջ տոպրակի կտոր գտնելու ահազանգին:
«Մենք պետք է գտնենք, թե որ խմբաքանակը որտեղ է հասել, այս պահին բոլոր մասնաճյուղերում ստուգումներ ունենք, կոնկրետ դեպքով և բողոքով ցանկանում ենք ստուգում բացել, դրա համար մեզ պետք է, որ քաղաքացին գրի, թե որտեղից և երբ է գնվել նշված սնունդը: Հենց տեսնենք, թե որտեղից է գնել, անմիջապես ընթացք կտանք»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Tert.am-ը անդրադարձել էր «Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան էջում սպառողներից մեկի հրապարակմանը, որտեղ վերջինս նշել էր, որ «Աթենքի» նագգեթսի մեջ տոպրակ է հայտնաբերել:
«Աթենք» ընկերությունն արձագանքել էր գրառմանը։
«Տեղի ունեցածը մեզ համար խիստ անընդունելի է։ Մեր ընկերության համար սննդի անվտանգությունը սոսկ ստանդարտ չէ, այլ բացարձակ արժեք, խորապես ցավում ենք, որ այս դեպքը ստվերել է մեր սպառողների վստահությունը: Ցանկանում ենք տեղեկացնել ողջ հանրությանը, որ ահազանգից անմիջապես հետո մեր որակի վերահսկման բաժինը ձեռնարկել է արտադրական շղթայի ամբողջական վերստուգում։
Իրականացվում է տվյալ խմբաքանակի արտադրական շղթայի մանրակրկիտ քննություն՝ տեխնիկական թերացման ճշգրիտ պատճառը պարզելու համար։ Մենք արդեն իսկ իրականացրել ենք անձնակազմի հրահանգավորում`արտադրության յուրաքանչյուր փուլում նման դեպքերը իսպառ բացառելու համար»:






































