ԱՄԷ-ն փակում է իր դեսպանությունը Իրանում և հետ է կանչում դեսպանին

Արաբական Միացյալ Էմիրությունները փակում են Թեհրանում իրենց դեսպանությունը և դեսպանի ու դիվանագիտական առաքելության բոլոր աշխատակիցներին հետ են կանչում։ Պատճառը Իրանի կողմից երկրի տարածքի վրա իրականացված հարձակումներն են։ Այս մասին նշվում է երկրի ԱԳՆ հայտարարությունում։

ԱԳՆ ռազմավարական հաղորդակցությունների տնօրեն Աֆրա Ալ Համելիի հրապարակած հայտարարության մեջ ասվում է․ «ԱՄԷ-ն հայտարարում է Թեհրանում իր դեսպանատան փակման, դեսպանի և դիվանագիտական առաքելության բոլոր աշխատակիցների հետկանչի մասին, ինչպես նաև դատապարտում է Իրանի հրթիռային հարվածները»։

Ըստ հայտարարության, որոշումը կայացվել է ի պատասխան «Իրանի աղաղակող հրթիռային հարվածների, որոնք ագրեսիվ հարձակում են երկրի քաղաքացիական օբյեկտների վրա, ներառյալ բնակելի թաղամասերը, օդանավակայանները, նավահանգիստները և սպասարկման կառույցները, և վտանգի տակ են դնում անպաշտպան խաղաղ բնակիչներին»։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարն ասել էր, որ Թեհրանը համագործակցում է «եղբայրական հարևան երկրների» գործընկերների հետ՝ պարզաբանելու, որ Իրանը բացառապես իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։

«Իրանը չի կարող ձեռքերը ծալած նստել, երբ ԱՄՆ-ն հարձակվում է մեր ժողովրդի վրա։ Ցավում ենք, որ թիրախները գտնվում են բարեկամական պետություններում», նշել է Արաղչին։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը հարված է հասցրել Իրանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Հարվածներ են հասցվել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտներին, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրին, ինչպես նաև Մինաբ քաղաքում գտնվող տարրական դպրոցին։

Զոհվել են Իրանի գերագույն առաջնորդը և երկրի մի շարք ռազմական-քաղաքական ղեկավարներ։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031