Լավ գիտեն, որ երբ Սամվել Կարապետյանը սկսի Հայաստանի գյուղերով գնալ, ժողովրդի մոտ հույս կարթնանա. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի 3 ժամ տևած դատական նիստի բյութը հետևյալն է. արդյոք դատարանը կգնա՞ ժողովրդավարության ուղով, որ Սամվել Կարապետյանը կարողանա մասնակցել նախընտրական քարոզարշավին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15–ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Արդյո՞ք Սամվել Կարապետյանը լինելու է բոլոր քաղաքներում, թե ոչ։ Այսօրվա գլխավոր հարցը սա է։ Դատախազությունը ցանկանում է երեք ամիս երկարացնել տնային կալանքը, որովհետև իրենց հույսը այն է, որ կխոչընդոտեն Կարապետյանին շփվել իր ժողովրդի հետ։ Տնային կալանքի երկարաձգման պրոցեսի նպատակը խոչընդոտումն է Կարապետյանի և ժողովրդի շփման, որովհետև նրանք գիտեն, որ երբ Կարապետյանը սկսի Հայաստանի քաղաքներով, գյուղերով գնալ, ժողովուրդը կտեսնի, կհավատա, հույս կունենա և այդ հույսը կբերի մեծ փոփոխություն»,–ասաց նա։

Նարեկ Կարապետյանը տեղեկացրեց, որ դատական նիստը երկու օրով հետաձգվեց։

«Փաստաբան Լիանա Գասպարյանը դատավորին ուղղված իր ելույթում, ասաց, որ ձեր որոշումը սոսկ դատական որոշում չէ, սա կարևոր որոշում է, որը ազդելու է հայ ժողովրդի ապագայի վրա։ Երկու օրից տեղի կունենա շարունակությունը։ Հուսով ենք, դատավորը, լինելով հայ մարդ, կանի հային վայել հետևություններ։ Մեր ժողովրդի համար այս կարևոր ջրբաժանի ժամանակ մեծ փոփոխություն կլինի, եթե Սամվել Կարապետյանը լինի մարդկանց մեջ, հնարավորություն ունենա մասնակցել քարոզարշավին։ Սա պատմական փոփոխություն կլինի։

Մենք բոլորս՝ գիտակցելով ազգի շահը, որ այս ճանապարհը սկսել ենք ու գնում ենք մինչև վերջ, երկրորդելով բոլոր սեփական հետաքրքրությունները, առաջին տեղում դնելով մեր ազգի ընդհանուր շահը՝ ունենալ ուժեղ երկիր»,– ընդգծեց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ տասը ամիս տևած քննությունից հետո այսօր՝ ապրիլի 15–ին մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատավարությունը՝ մի քանի հոդվածներով՝ հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր:

Առաջին նիստին ընդառաջ Կարապետյանների փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի դատավորը առաջնահերթ քննի Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը:

Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտարարել էր. «Ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար և կարևոր է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին։ Մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից՝ սա ակնհայտ անհրաժեշտություն է, հույս ունենք, որ դա կապահովվի, և ցավ ենք ապրում, որ այդ բեռը ընկել է դատական իշխանության ուսերին»։

Փաստաբանը հիշեցրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ընդունում է քաղաքական ուժերի հայտերը, կազմում է ցուցակները, և այդ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 23-ը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930