«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կիսվել է Մադրիդի «Ատլետիկոյի» ելույթների վերաբերյալ իր տպավորություններով՝ հույս հայտնելով, որ ակումբն այս տարի կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը։
««Ատլետիկոն» ապշեցուցիչ մարզադաշտ ունի։ Սա այն ակումբն է, որի նկատմամբ ես իսկապես համակրանք եմ տածում: Նրանք 2014 և 2016 թվականներին երկու անգամ պարտվել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում, և ես ներկա եմ եղել այդ երկու խաղերին էլ։ Մեծ հաճույքով կհետևեի, թե ինչպես են նրանք առաջ շարժվում և հաղթում Չեմպիոնների լիգայում»,- Կարագերի խոսքերն է փոխանցում CBS Sports-ը:
Անգլիացի նախկին ֆուտբոլիստը նաև գովեստի խոսքեր է հնչեցրել թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հասցեին՝ ընդգծելով արգենտինացի մասնագետի բացառիկ ազդեցությունը։
«Սիմեոնեն արդեն երկար ժամանակ է, ինչ մարզում է «Ատլետիկոն»։ Այսքան երկար ժամանակ մնալ նույն ակումբում և շարունակել արդյունքներ գրանցել՝ ուղղակի ֆենոմենալ է: Այն, թե ինչպես է նրան հաջողվում այսքան տարիներ անց շարունակաբար իր ուղերձը տեղ հասցնել ֆուտբոլիստներին, ապացուցում է, որ նա իսկական լեգենդ է»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել՝ քառորդ եզրափակիչի երկու հանդիպումների արդյունքում 3-2 հաշվով դուրս թողնելով կատալոնական «Բարսելոնային»։






































