Սերժ Սարգսյանի «ամնեզիան». «Ինչքան ուզես, էդքան խփեմ»-ի հեղինակը խոսում է ընտրությունները կեղծելուց

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է դիմել արկածախնդրության ու հոլովել «ընտրություն» և «կեղծել» բառերը։ Ժանրի կանոնը պահանջում է, որ նյարդերից ու հատկապես սրտից թույլերին առաջարկենք մի կողմ գնալ էկրաններից, իսկ սուր զգացողությունների սիրահարներին լարել ուշադրությունը՝ Սերժ Սարգսյանը «կեղծել ընտրություն» ասելով նկատի ունի գործող իշխանության օրոք տեղի ունեցած ընտրությունները կեղծելը։ Կարող եք մի պահ ազատություն տալ ձեր էմոցիաներին ու քահ-քահ ծիծաղել։ Իսկ հիմա «վնիմանիե». «Որ ընտրությունները շատ վաղուց արդեն կեղծվում են՝ փաստ ա, և որևէ մեկը չի կարող ժխտել»,-նախօրեին լուրջ դեմքով ազդարարել է նախկին նախագահն ու պարզաբանել. «Եթե մարդիկ ձերբակալվում են, եթե պետական միջոցները ծախսվում են ոչ այնպես, ինչպես ընտրական տարում, այդ բոլորը խախտումներ են։ Այսինքն՝ եթե մի քաղաքական ուժից ներկայանալի մարդու ձերբակալում են, դա խախտում չի՞, բա կեղծելը էլ ո՞նց ա լինում, կեղծելը հենց էդպես էլ լինում ա, էլի։ Վաղուց, շատ վաղուց մեր երկրում «յաշիկ լցնել» չկա, շա՜տ վաղուց, չկա, որովհետև էլեկտրոնային համակարգը դրվել ա շա՜տ վաղուց և ոչ թե հիմա, էլի։ Կեղծելը տարբեր ա»:

Ակո՜ւնք իմաստնության։ Եթե չենք սխալվում՝ Սերժ Սարգսյանը մասնագիտությամբ բանասեր է, ու թեև նրա երբեմնի զինակից Վազգեն Մանուկյանը վկայում էր, որ «երեկոյան բանասիրականն է» ավարտել, բայց դե․․․ պետք է որ հայերենի բառերի իմաստներին ու իմաստային նրբերանգներին տիրապետելիս լիներ։ Ասենք՝ իմանար, որ «ընտրակեղծիքը» «խախտումը» չէ։ Ընտրակեղծիքի հանցակազմն ու դիսպոզիցիան այլ է, իր ասած «խախտման»-ը՝ այլ։ Լուսահոգի Գալուստ Գրիգորիչին հիշեցինք, նա էր, չէ՞, որ արձագանքելով Սերժ Սարգսյանի օրոք վարչապետ աշխատած Կարեն Կարապետյանի հայտարարությանը՝ պետբյուջեից կատարվող «պրիմիտիվ գողության» մասին, թարգմանել էր Կարեն Վիլհելմովիչի միտքը, թե՝ «գողությունը գողանալ բառը չէ»։

Նկատե՞լ եք, երբ Սերժ Սարգսյանը որոշում է իր «նախաձեռնությամբ», առանց «շպառգալկայի» մտքեր արտահայտել, կիքսեր է, որ թույլ է տալիս, բանը հասնում է նաև հանցագործության մասին հաղորդում ու ինքն իր դեմ ցուցմունք տալուն, ինչպես այս դեպքում։ Արդ, ի՞նչ է ասում Ազգային անվտանգության նախկին նախարարը, պաշտպանության նախկին նախարարը, նախկին վարչապետն ու նախկին նախագահը, որը, նկատենք, 2002-ին հասցրել է ղեկավարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը։ Ասում է՝ «յաշիկ լցնելու» եղկելի ավանդույթը վաղուց անցյալում է՝ այսպիսով խոստովանելով, որ նման պրակտիկա նախկինում՝ «շա՜տ վաղուց» եղել է։ Յա, իրո՞ք։ Այ որ այս խոստովանությանը զուգահեռ նաև կոնկրետացներ, թե իր ասած «շա՜տ վաղուցը» մասնավորապես ե՞րբ էր, քանի՞ տարի առաջ ու ե՞րբ է ավարտվել, ահագին օգնած կլիներ նախաքննությանը։ Կարելի է ենթադրել, որ Ազատիչի ասած «շա՜տ վաղուցը» ավարտվել է այն ժամանակ, երբ ներդրվել է իր ասած քվեարկության էլեկտրոնային համակարգը։ Այդ համակարգն էլ, նկատենք, որպես այդպիսին ներդրվել է 2017-ին՝ ընտրությունների անցկացման համամասնական ընտրակարգի ներդրմամբ։ Սարգսյանի այս խոստովանությունը վկայում է, որ առնվազն մինչև 2017 թվականը եթե անգամ «յաշիկ լցնելու» մեթոդը չի կիրառվել, ապա կիրառվել է «ընտրակեղծիք անելու 400 համեմատաբար ազնիվ միջոց»՝ Իլֆի ու Պետրովի հայտնի վեպի հերոսի ասածի հանգույն։

400 թվականը գործածեցինք, հիշեցինք Օստապ Բենդերի, ներեցեք՝ Սերժ Սարգսյանի ու ընտրությունների հետ կապված այլ թվեր ևս։ Հիշո՞ւմ եք՝ Սարգսյանը 2013 թվականին անկեղծության բացառիկ, հազվագյուտ, նաև՝ չափազանց օգտակար պոռթկում ունեցավ՝ բացահայտելով իր վերարտադրման հրեշավոր մեխանիզմը։ Շիրակի մարզ այցելության ժամանակ, ի պատասխան հարցի՝ «ինչպե՞ս է իր շանսերը գնահատում, սովորաբար Գյումրիում ընդդիմադիր թեկնածուներին են տեղ տալիս», նախագահի թեկնածու Սարգսյանը «քեֆը քոք» արձագանքեց. «Ես չգիտեմ, սովորաբար ինչ եք անում, բայց ես Շիրակի մարզում միշտ սատարում եմ ունեցել և հիմա էլ, վստահ եմ, ունենալու եմ։ Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80, 70, թե 60։ Էդ ա, ինչքան ուզես, էդքան խփենք»:

Նշենք, որ Գյումրին Սերժ Սարգսյանի ինքնավստահ ցինիզմին պատասխանեց՝ քվեարկության օրը նրան տալով 16 հազար 405 ձայն, իսկ նրա մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ 42 հազար 413 ձայն։ Չգիտենք՝ ով էր իրականում ինչքան խփել, բայց ընտրությունների կեղծման ռահվիրայի համբավ ունեցող Սերժ Սարգսյանը արդյունքում դարձավ ՀՀ նախագահ։

Երկու խոսք էլ նախկին նախագահի՝ «ընտրություններից առաջ ներկայանալի մարդու ձերբակալելու» մասին։ Հիշո՞ւմ եք, նույն 2017-ի ԱԺ ընտրություններին ՕՐՕ անունով մի դաշինք էր մասնակցում՝ Սեյրան Օհանյան+Րաֆֆի Հովհաննիսյան+Վարդան Օսկանյան կազմով։ Հիշում եք, որ այդ շրջանում Սերժ Սարգսյանի նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ահազանգում էր իր ու իրենց հանդեպ հետապնդումների մասին։ Ջրառատի դեպքերը հիշո՞ւմ եք։ Իսկ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՕՐՕ-ի, ինչպես մամուլն էր գրում, «ստվերային կառավարիչ» Սամվել Բաբայանի ձերբակալությունն ու նրա հանդեպ քրեական հետապնդումը հիշո՞ւմ եք՝ հայտնի «Իգլայի» գործով։ Չգիտենք՝ երրորդ նախագահի համար արդյոք «ներկայանալի՞» մարդ էր Ս. Բաբայանը, սակայն նրան «արանքից հանելու» օպերացիան, նկատենք, իրականացվեց ընտրարշավի թոհուբոհում։ Այդ թոհուբոհի ժամանակ էր, ի դեպ, որ Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանը մեկով ավելացրեց օրվա ռեժիմի մեղքերը՝ բողոքելով իր ընտանիքի դեմ իշխանության ամենաբարձր օղակից իրականացվող քարոզչական տեռորի մասին։

Սուր զգացողությունների սիրահար մեր հետևորդները եթե չեն հիշում այս դրվագները, ապա ընտրություններ կեղծելուց, «քաղաքական ուժից ներկայանալի մարդկանց» ձերբակալելու մասին խոսող ու այսպիսով քաղաքացիների վրա «կայֆավատ» եղող (ներողություն բառի համար) Սերժ Սարգսյանը, վստահաբար, հիշում է։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031