Այն 10 հազար դրամը, որը նախօրեին հայտարարվել էր որպես կենսաթոշակների բարձրացում, չափազանց կարևոր է և անհրաժեշտ մեր կենսաթոշակառուների համար։ Այս մասին փետրվարի 26-ին Հայաստանի կառավարության շենքի առջև կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաքվե» նախաձեռնության անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։
Նրա խոսքով՝ մարդկանց զգալի մասն այդ 10 հազար դրամը դիտարկում է որպես մեծ հաջողություն։ Սակայն, ինչպես կարծում է տնտեսագետը, Հայաստանի կենսաթոշակառուները արժանի են այլ՝ շատ ավելի բարձր կենսաթոշակի։ Եվ նրանք ունեն այդ իրավունքը, որը պաշտպանված է Սահմանադրությամբ։ «Ադրբեջանում հայկական թոշակառուից 2 անգամ բարձր թոշակ են ստանում, Վրաստանում 1.5 անգամ բարձր, թուրքիայում՝ 4.5 անգամ։ Սա նշանակում է, որ էս երկիրը մոռացել է թոշակառուին, եկիրը կառուցողին», — ասել է Կամենդատյանը՝ մատնանշելով Հանրապետության հրապարակին հարող շենքերն ու մետրոյի կայարանը։
Ինչպես նշել է տնտեսագետը, կենսաթոշակները 50%-ով բարձրացնելու և դրանց ամենամյա ինդեքսավորում իրականացնելու «Հայաքվեի» պահանջների հիմքում ընկած են հստակ հաշվարկներ։ «Սրա տակ կար պլանային, տնտեսագիտական, ֆինանսական հիմնավորումներ և այս իմաստով մեր պահանջը ոչ թե պոպուլիզմ է, այլ հիմնավորված պահանջ։ Երբ դրան միանա թոշակառուների, քաղաքացիների և եիտասարդների կամքը, կհասնենք հաջողության», — վստահություն է հայտնել Կամենդատյանը՝ հավելելով, որ 10 հազար դրամը ընդամենը մեկ քայլ է դեպի մեկ մեծ հաղթանակ։
Նա վստահեցրել է, որ ամռանը, երբ «Հայաքվեն» դառնա իշխանության մաս, կենսաթոշակների այս 50%-անոց բարձրացումն ու ինդեքսավորումը վերջնակետ չեն լինի։ «Մենք ունենք 87 կետից բաղկացած սոցիալական ծրագիր, այն կետ առ կետ հանրայնացնում են և այդ աշխատանքների ավարտը բերելու է, ոչ թե թոշակների 50 %-անոց աճ այլ 100% և ավելի ու սոցիալական բազմաթիվ արտոնություններ», — խոստացել է ընդդիմադիր գործիչը։






































