ՀՀ արդարադատության փոխնախարարը ԵԽ պաշտոնյայի հետ քննարկել են միջազգային կոնվենցիաների իմպլեմենտացման հարցերը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության սոցիալական իրավունքների, առողջապահության և շրջակա միջավայրի տնօրեն Ռաֆայել Բենիտեզին: Այդ մասին NEWS.am—ին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Վերջինս բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության կողմից վերջին տարիներին իրականացված բարեփոխումները և Եվրոպայի խորհրդի իրավական գործիքակազմերի ներդրմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ տարբեր ոլորտային կոնվենցիաներին միանալու տեսանկյունից:

Աննա Կարապետյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի դերը բարեփոխումների իրականացման հարցում՝ շեշտելով, որ կատարված օրենսդրական փոփոխություններով, այդ թվում՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով արդեն իսկ ներդրվել են միջազգային չափանիշներին համահունչ կարգավորումներ: Նախարարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ Արդարադատության նախարարության կողմից այժմ ներպետական համաձայնեցման փուլում է գտնվում Եվրոպայի խորհրդի՝ Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ կոնվենցիան:

Կողմերն անդրադարձել են նաև քրեակատարողական ոլորտում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պահպանման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Այս համատեքստում Աննա Կարապետյանն ընդգծել է ռիսկերի գնահատման գործիքակազմերի կատարելագործման անհրաժեշտությունը և այդ կապակցությամբ Եվրոպայի խորհրդի հետ արդեն իսկ առկա արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համագործակցության շարունակականության կարևորությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ով պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը ընթացող բարեփոխումներին և ընդլայնել համագործակցության ուղղությունները։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031