Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022 թթ.) Ժաիր Բոլսոնարուն, որին արգելված է պետական պաշտոններ զբաղեցնել մինչև 2030 թվականը, կարծում է, որ իր քաղաքական ներումը կարող է պայմաններ ստեղծել բրազիլական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի 50%-ի չափով մաքսատուրքերի վերացման համար։
«Միջոցներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 1-ից: Որոշումը բրազիլական իշխանությունների ձեռքում է: Ներումը կծառայի խաղաղությանը տնտեսության համար», — գրել է նա։Բրազիլիայի նախկին ղեկավարը նշել է, որ գոհ չէ մաքսատուրքերի սահմանումից, որոնք ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ինձ ուրախություն չի պատճառում տեսնել, թե ինչպես են մեր գյուղացի կամ քաղաքացի արտադրողները, ինչպես նաև սովորական մարդիկ տառապում այդ 50% մաքսատուրքից», — նշել է Բոլսոնարուն։
Նա կարծիք է հայտնել, որ Բրազիլիայի նկատմամբ Վաշինգտոնի ձեռնարկած միջոցները կրում են քաղաքական, այլ ոչ թե տնտեսական բնույթ։ Ավելի վաղ Թրամփը նամակ էր ուղարկել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային՝ հայտնելով նոր մաքսատուրքերի մասին և քննադատելով Բրազիլիայի ղեկավարությանը նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի դատավարության համար: Թրամփը նաև ասել էր, թե Բրազիլիայում հարձակումներ են գործում ազատ ընտրությունների գործընթացի վրա։
Բոլսոնարուի դեմ հետաքննություն է ընթանում հեղաշրջման փորձի գործով՝ 2022 թվականին Լուլա դա Սիլվայի իշխանության գալը խափանելու նպատակով։Թրամփը հայտարարել է օգոստոսի 1-ից բրազիլական ապրանքների համար 50%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին՝ դա բացատրելով երկկողմ հարաբերություններում ԱՄՆ առևտրային դեֆիցիտով։ Բրազիլիայի նախագահն այդ հայտարարություններն անվանել է անհեթեթ։ Նա նաև նշել է, որ երկրի իշխանությունները կպատասխանեն ԱՄՆ մաքսատուրքերին տնտեսությունում փոխադարձ միջոցների մասին օրենքի հիման վրա: