ԱՄՆ պատժամիջոցները Գազայի հարցով ՄԱԿ-ի զեկուցողի դեմ. Ֆրանչեսկա Ալբանեզեն դրանք անվանել է «մեղքի նշան»

Պաղեստինյան օկուպացված տարածքներում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն հայտարարել է, որ իր դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումը ցույց է տալիս Վաշինգտոնի «մեղքը» և «անօգնականների անունից խոսողներին պատժելու» ձգտումը, հայտնում է The Guardian-ը։

«Երբ հզորները պատժում են նրանց, ովքեր խոսում են անօգնականների անունից, դա ոչ թե ուժի, այլ մեղքի նշան է», — գրել է Ալբանեզեն X սոցիալական ցանցում այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է իր դեմ պատժամիջոցների մասին։

Պատժամիջոցները դարձել են Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Գազայում Իսրայելի 21-ամսյա պատերազմի քննադատությունը ճնշելու ջանքերի մի մասը։ Ալբանեզեն՝ անկախ փորձագետը, որը նշանակվել է պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների խախտումները հետաքննելու համար, նախկինում բազմիցս Գազայում Իսրայելի գործողությունները ցեղասպանություն է անվանել, ինչը Իսրայելը և ԱՄՆ-ն կտրականապես հերքում են։

Middle East Eye-ին տված հարցազրույցում Ալբանեզեն ընդգծել է, որ իր գլխավոր նպատակն է ուշադրություն հրավիրել Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակի վրա.

«Մինչ մենք զրուցում ենք, Գազայում մարդիկ են մահանում, իսկ ՄԱԿ-ը լիովին անկարող է միջամտել»։

Նա միջազգային հանրությանը կոչ է արել երես չթեքել քաղաքացիական բնակչության տառապանքներից։ «Բոլորի հայացքները պետք է սևեռված մնան Գազայի վրա, որտեղ երեխաները սովից մահանում են մայրերի ձեռքերում, իսկ հայրերն ու եղբայրները զոհվում են ռումբերի տակ՝ սնունդ փնտրելիս»։

ՄԱԿ-ի պաշտոնյաներն անհանգստություն են հայտնել հատուկ զեկուցողների վրա ճնշում գործադրելու նախադեպի կապակցությամբ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մամուլի քարտուղարը նշել է, որ հատուկ զեկուցողներն անկախ են և չեն ենթարկվում գլխավոր քարտուղարին։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Յուրգ Լաուբերը Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին վախեցնելը։ «Բոլոր պետությունները պետք է համագործակցեն Խորհրդի մանդատակիրների հետ և ձեռնպահ մնան վախեցնելու կամ հետապնդելու ցանկացած գործողությունից»։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Ֆոլկեր Թյուրքը նույնպես կոչ է արել դադարեցնել ՄԱԿ-ի փորձագետների և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) աշխատակիցների նկատմամբ «հարձակումներն ու սպառնալիքները», որոնց դատավորները նույնպես վերջերս հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների տակ։

Ալբանեզեի դեմ պատժամիջոցների մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ըստ նրա, «Ալբանեզեի քաղաքական և տնտեսական պատերազմն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ այլևս չի հանդուրժվի»։ Նա մեղադրել է զեկուցողին Իսրայելին ցեղասպանության և ապարտեիդի մեջ «կեղծ» մեղադրանքների ներկայացման և ՄՔԴ-ում «իսրայելցիներին անօրինական հետապնդման» մեջ։

Միևնույն ժամանակ, Ալբանեզեն շարունակում է համաշխարհային հանրությանը կոչ անել ճնշում գործադրել Իսրայելի վրա, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով, ռազմական գործողությունները և Գազայի շրջափակումը դադարեցնելու համար։ Վերջին զեկույցում նա նաև մատնանշել է մի շարք ամերիկյան ընկերությունների, որոնք, իր կարծիքով, նպաստում են «Գազայի օկուպացիային և պատերազմին»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031