Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության մատակարարումները կարող են վերսկսվել բարձր մակարդակի հանդիպումներից հետո

ԱՄՆ-ն կարող է վերսկսել Ուկրաինային տրամադրվող որոշ ռազմական օգնության մատակարարումները՝ գալիք շաբաթ Իտալիայում և Ուկրաինայում նախատեսված բարձր մակարդակի հանդիպումների շարքի ավարտից հետո, հայտնում է Politico-ն՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ երկու աղբյուրի։

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը կհանդիպի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին Հռոմում կայանալիք միջազգային օգնության համաժողովում, իսկ այնուհետև՝ Կիևում։ Օգնության մատակարարումների հարցը կդառնա երկու հանդիպումների հիմնական թեման։ Ուկրաինական կառավարությունը բարձր կարևորություն է տալիս հակաօդային պաշտպանության համակարգերի և բարձր ճշգրտության մարտական միջոցների մատակարարումների վերականգնմանը՝ որպես պատերազմի վարման համար անփոխարինելի միջոց։

ԱՄՆ-ն հայտնել է Կիևին, որ շուտով կվերսկսի ինժեներական տեխնիկայի և որոշ զրահապատ մեքենաների մատակարարումները, սակայն դեռ հստակ ժամկետներ չեն նշել, հայտնում են զրուցակիցները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան հաստատել է լրագրողներին, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կուղարկի հավելյալ զենք, սակայն մանրամասներ չի տրամադրել. «Մենք պատրաստվում ենք ուղարկել ավելի շատ զենք։ Պետք է օգնենք նրանց պաշտպանվելու։ Ներկայում նրանք մեծ դժվարություններ են կրում… Պետք է ավելի շատ պաշտպանական զինատեսակներ տրամադրել։ Բազում մարդիկ զոհվում են այս աղետի մեջ»։

Քելլոգի մամուլի խոսնակ Մորգան Մերֆին ասել է, որ Կիևում բանակցությունները սկզբում ԱՄՆ ռազմական օգնության մասին չեն եղել, ընդգծելով, որ հանդիպումները նախատեսված են եղե; կասեցման մասին հայտարարությունից առաջ։

Պենտագոնի կողմից հրթիռային պաշտպանության և ճշգրիտ զենքի մատակարարումների կտրուկ դադարեցումը ցնցել է Ուկրաինային և շատ ամերիկացի օրենսդիրների և հարցեր է առաջացրել ԱՄՆ դաշնակիցների շրջանում այն ​​մասին, թե արդյոք կկրճատվի Կիևին ավելի լայն ռազմական աջակցությունը, թե ոչ։

Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ պատրաստ է ավելացնել ՀՕՊ համակարգերի մատակարարումները՝ դրանք անվանելով «շատ դժվար ձեռք բերելի»։

Ուրբաթ օրը Թրամփը քննարկել է ինչպես օգնության կասեցումը, այնպես էլ հնարավոր հրադադարի համաձայնագիրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Զելենսկին զրույցն անվանել է «հավանաբար լավագույն և ամենաարդյունավետ զրույցը, որը մենք ունեցել ենք երկար ժամանակվա ընթացքում»։

Թրամփը վերջերս նաև զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն խոստովանել է, որ զրույցը «շատ լավ չի անցել»։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ մատակարարումների դադարեցումը ժամանակավոր է և պայմանավորված է դրանց վերանայման անհրաժեշտությամբ՝ ապահովելու համար, որ դրանք համապատասխանում են ամերիկյան զինվորականների շահերին։

Կասեցված մատակարարումները ներառում են հազարավոր հրետանային արկեր, Hellfire հրթիռներ, մինչև 80 կմ հեռահարության բազմակի հրթիռային համակարգեր և, ամենակարևորը, 30 Patriot հրթիռներ՝ Կիևի բնակելի շենքերին և ենթակառուցվածքներին պարբերաբար հարվածող ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը որսալու համար։

Մասնագետները ընդգծում են հակաօդային պաշտպանության համակարգերի կարևորությունը ուկրաինական քաղաքները պաշտպանելու և ներքին զենքի արտադրությունը պահպանելու համար։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031