Նախագահը կստորագրի՞ «ՀԷՑ-ը խլելու» նախագծերը, թե՞ կդիմի ՍԴ

Հուլիսի 3-ին ՔՊ-ն Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց, այսպես ասած, «ՀԷՑ-ը խլելու» մասին նախագծերը: Այս պահին դրությամբ, սակայն, դեռևս ՀՀ նախագահը չի ստորագրել դրանք:

Ճիշտ է, ըստ ՀՀ Սահմանադրության, Ազգային ժողովի ընդունած օրենքը ստորագրելու համար Հանրապետության նախագահն ունի 21 օր, սակայն հաշվի առնելով այն շտապողականությունը, որ ցուցաբերում է Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ը պետականացնելու հարցում ու նաև նրա՝ ՀԷՑ աշխատակիցներին ուղղված սպառնալիք-գրառման մեջ նշված ժամկետները («հուլիսին կազատվեն աշխատանքից»), ենթադրվում էր, որ Վահագն Խաչատուրյանը պետք է որ հենց հուլիսի 3-ին կամ գոնե 4-ին ստորագրած լիներ օրենսդրական փաթեթը: Բայց դեռևս համապատասխան հաղորդագրություն չկա, չնայած քիչ է եղել, որ Խաչատուրյանը «շտապ» օրենքները ստորագրելը ձգձգի:

Ի՞նչ կարող է սա նշանակել, արդյո՞ք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որպես բավականին բարձրակարգ տնտեսագետ, գիտակցում է, թե ինչ լուրջ խնդիրներ են առաջանալու Հայաստանի համար՝ թե էներգետիկ, թե՛ ֆինանսական, թե՛ հնարավոր ներդրումներին սպառնացող վտանգների առումով: Արդյո՞ք նա, լինելով ՀՀ իշխանության մաս, այդուամենայնիվ, առաջնորդվում է այլ հետաքրքրություններով ու շահերով և գուցե մեկ անգամ ընդդիմանա Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներին ու «կապրիզներին»: Արդյո՞ք նա որոշում կկայացնի «չկեղտոտվել», չմտնել նման անհեռանկար ու վտանգավոր բեռի տակ: Թե՞, այդուամենայնիվ, «շառից-փորձանքից հեռու» տարբերակով կշարունակի դակել Նիկոլ Փաշինյանի պարտադրած բոլոր նախագծերը:

Որևէ տարբերակ բացառել չի կարելի: Համենայն դեպս, առայժմ նախագահականը լռում է: Պարզապես հավելենք, որ, ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահը կա՛մ ստորագրում է Ազգային ժողովի ընդունած օրենքը, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Չնայած, չի բացառվում, որ Խաչատուրյանը գնա երրորդ ճանապարհով, այն է՝ 21 օրում ոչ մի քայլ չնախաձեռնի և պատասխանատվությունը լրիվ թողնի ՔՊ վրա, քանի որ այդ դեպքում «Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031