Փաշինյանը երեկ արդյունավետ գործողություններ կատարած իրավապահներին ներկայացրել է պետական պարգևի

Բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, և, բնականաբար, կանխվել է նաև պլանի իրագործումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին: Այդ մասին, այսօր՝ հունիսի 26–ին, Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առավոտյան հարցը քննարկել եմ նաև ՀՀ նախագահի հետ և կարծում եմ, որ իմաստ կունենա ԱԱԾ-ի, Դատախազության, Քննչական կոմիտեի, ՆԳՆ-ի, Ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման և պետական պարգևի:

Կարծում եմ՝ շատ բան չկա ասելու թեմայի հետ կապված, որովհետև ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել, և ես այս պահին չունեմ որևէ այլ բան ասելու՝ բացի հրապարակվածից:

Համոզված եմ՝ արդյունավետ քննություն տեղի կունենա, և հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ երեկ վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ էին սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում, այդ թվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։ Բագրատ Սրբազանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։

Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։

Իսկ նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել. «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30