Իրանն արդեն պատրաստվում է պատասխան գործողության. Այն բարձրաստիճան զինվորականները, որոնք տվյալ գործողության ընթացքում զոհվել են, նրանց փոխարեն արդեն նոր մարդիկ են նշանակվել և արդեն կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում Իսրայելի դեմ պատասխան գործողություն իրականացնելու համար:
Հարցին՝ որքա՞ն է լայնամասշտաբ էսկալացիայի հավանականությունը, նա պատասխանեց. «Դա կախված է նրանից, թե Իրանի պատասխան գործողությանը ինչպես կարձագանքեն Իսրայելի դաշնակից երկրները։ Կարծում եմ տրամաբանական կլինի, որ չպատասխանեն Իրանին, բայց այնուամենայնիվ Իսրայելին պաշտպանելու գործողություններ իրականացվեն։ Նկատվում է նաև, որ տարածաշրջանի մի շարք ռազմաբազաներից Միացյալ Նահանգները իր ռազմուժի տեղափոխություն է իրականացնում, ինքնաթիռներ է դուրս բերում, հատկապես Կատարից և այլ հատվածներից։ Սա նշանակում է, որ տարածաշրջանից որոշակիորեն կարող են իրենց ուժերը դուրս բերել և ռազմականացման տեսանկյունից նվազեցնել դա։ Այնուամենայնիվ կախված է նրանից, թե Իրանի պատասխանը ինչպիսին կլինի, և արդյոք Իսրայելի դաշնակից ուժերը դրան հակազդելու անհրաժեշտությունը նրանք կտեսնեն»։
Ինչ վերաբերում է Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը, Նվեր Դավթյանն ասաց. «Էսկալացիայի տարածման դեպքում մյուս ուղղությունը, որ կարող են Իրանի դեմ օգտագործել, կամ այս խառը իրավիճակում կարող են նոր ուղղություն բացել ր Իրանի համար խնդիրներ ստեղծել, իհարկե Հարավային Կովկասի ուղղությունն է, որ շարունակում է մնալ բավական զգայուն և կարևոր։ Բայց իրենց գործողությունների հիմնական ուղղությունները Իրաքի կողմից են եղել։ Հիմա չգիտենք հաջորդիվ, եթե գործողություններ Իսրայելը փորձի իրականացնել, Իրանի սահմանակից այլ գոտիներից կփորձի՞ դա անել, թե՞ ոչ»։
Հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանը ներքաշվի Իրանի դեպ գործողություններին, փորձագետն արձագանքեց. «Առանց Իսրայելի և նրան աջակցող ուժերի հետ համաձայնության դժվար թե միայնակ ինքնուրույն նման որևէ բան փորձի անել։ Եթե անի, դա նշանակում է Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ համաձայնեցված գործողություն պետք է լինի։
Մենք չգիտենք Իրանը՝ այս նկատառումները հաշվի առնելով, այս ուղղությամբ ինչ գործողություններ է նախապատրաստելու, բայց առաջին փուլում, առաջին հիմնական բանը կլինի Իսրայելին պատասխան հարված հասցնելը»։