ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը շնորհավորել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա կապակցությամբ։
«Շնորհավորում եմ բոլորիս Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա կապակցությամբ:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2018 թ. հունիսի 7-ը հռչակել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր, որն այս տարի անցկացվում է «Սննդամթերքի անվտանգություն. գիտությունը գործողության մեջ» կարգախոսի ներքո:
Այս օրը նշելու նպատակն է լրացուցիչ անգամ բոլորիս ուշադրությունը հրավիրել ոլոտի խնդիրներին, բարձրացնել սննդամթերքի անվտանգության հարցերի վերաբերյալ հանրության իրազեկվածությունը, ցույց տալ, թե ինչպես կարելի է կանխել հիվանդությունները՝ իրականացնելով սննդային ծագման ռիսկերը հայտնաբերելու, կանխելու և կառավարելու անհրաժեշտ գործողություններ:
Սննդամթերքի անվտանգության պահպանումը բարդ գործընթաց է, որն ընդգրկում է «ֆերմայից պատառաքաղ» կամ «դաշտից սեղան» շղթան։ Այդ շղթայի բոլոր փուլերը՝ արտադրություն, վերամշակում, վաճառք թե հասարակական սննդի կազմակերպում, կարևորագույն դերակատարում սննդամթերքի անվտանգության համակարգում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն ուղղված են սպառողի՝ անվտանգ սնունդից օգտվելու իրավունքի պաշտպանությանը և մենք անելու ենք հնարավորը այդ գործառույթներն ամբողջությամբ իրացնելու համար:
Շատ կարևոր է, որ սննդի շղթայի օպերատորները սննդամթերքի անվտանգության պահպանումը համարեն իրենց թիվ մեկ անելիքը, իսկ սպառողները հետևեն սննդամթերքն օգտագործելու ու պատրաստելու պարզ կանոններին և լինեն պահանջատեր:
Հարգելի սպառողներ, մենք ակնկալում ենք ձեր ակտիվ աջակցությունը և հիշեցնում, որ սննդամթերքի անվտանգությունը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։
Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա կապակցությամբ»,-գրել է նա։